Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունն ընտրություններից առաջ փորձում է միավորվել


Ալեկո Էլիսաշվիլին և Մամուկա Խազարաձեն, արխիվ
Ալեկո Էլիսաշվիլին և Մամուկա Խազարաձեն, արխիվ

Վրացական ընդդիմությունը՝ խորհրդարանական ընտրություններից 74 և քարոզարշավի պաշտոնական մեկնարկից 18 օր առաջ փորձում է միավորվել՝ իշխող «Վրացական երազանք»-ի չորրորդ անընդմեջ հաղթանակը կանխելու համար։

Օգոստոսի 12-ին Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ առաջիկա ընտրություններին մեկ միասնական դաշինքով հանդես գալու մասին հայտարարեցին գործարար, «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն և «Քաղաքացիներ» կուսակցության ղեկավար, Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին։

«Այսօր մենք միավորվում ենք, որովհետև հարցը շատ սուր է դրված՝ մենք պետք է որոշենք, թե մեր երկիրը, մեր պետությունը որտեղ է գտնվելու։ Արդյոք այն լինելու է մնացյալ ազատ աշխարհի հետ, թե զավթվելու է Ռուսաստանի կողմից», - հայտարարում էր Մամուկա Խազարաձեն։

Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով ևս՝ հոկտեմբերյան ընտրությունների գլխավոր նպատակը պետք է լինի Վրաստանը ռուսական ազդեցությունից ազատելը։

«Ինչո՞ւ են մեր սրտերը վերջին շրջանում այսպես ճմլվում, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես են գողանում մեր երկրի ազատությունը, պարզապես ծախում այն», - հայտարարում էր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդը։

Խազարաձեն և Էլիսաշվիլին մոռացել են երբեմնի տարաձայնությունները

Վրացական լրատվամիջոցները, սակայն, հիշում են, որ Խազարաձեի և Էլիսաշվիլիի հարաբերությունները միշտ չէ, որ այսքան լավ են եղել։ Ընդամենը երեքուկես տարի առաջ՝ 2021 թվականի հունվարին, քաղաքական երկու գործիչները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում սուր վիճաբանության մեջ էին ներքաշվել։

Նրանք վիճում էին այն հարցի շուրջ՝ արդյոք պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, թե՝ ոչ։ Կուսակցական առաջնորդները այդպես էլ այդ թեմայի շուրջ ընդհանուր հայտարարի չեկան, իսկ նրանց միջև գրեթե անխուսափելի թվացող ծեծկռտուքը հնարավոր եղավ կանխել միայն հաղորդավարների և մյուս հյուրերի միջամտության շնորհիվ։

Այսօր, սակայն, Խազարաձեն և Էլիսաշվիլին մոռացել են երբեմնի տարաձայնությունները՝ փորձելով հավակնոտ մի խնդիր լուծել։ Նրանց կողմից ստեղծված «Հանուն հզոր Վրաստանի» դաշինքի նպատակը, առաջնորդների խոսքով, երրորդ ուժի ձևավորումն է, որը կապ չի ունենա ոչ ներկաների, այսինքն, Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի, ոչ էլ նախկինների` երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» հետ։

«Լելո» և «Քաղաքացիներ» կուսակցությունների, ևս երկու ուժերի կողմից ստեղծված միավորումը միջին, կենտրոնամետ ուժ է, որ ոչ նախկին իշխանություններին և նրանց հետ կապ ունեցող քաղաքական ուժերին կներկայացնի, ոչ էլ «Վրացական երազանք»-ին և դրա դաշնակիցներին», - նոր նախընտրական դաշինքի ստեղծումը մեկնաբանելով՝ հայտարարում էր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։

Նախկին նախագահի աջակիցները, սակայն, նոր ընդդիմության ի հայտ գալու հեռանկարին այնքան էլ չեն հավատում՝ պնդելով, թե առանց իրենց աջակցության դաշինքի Էլիսաշվիլիի և Խազարձեի դաշինքը ոչ միայն հաղթանակի, այլև խորհրդարանում հայտնվելու հնարավորություն չի ունենա։

«Մենք խթան ենք հանդիսացել այդ միավորման համար, որպեսզի ընդդիմադիր ձայները չփոշիանան և նրանք կարողանան հաղթահարել հինգ տոկոսի արգելքը։ Դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ ամենամեծ և ուժեղ դաշինքը մերն է», - հայտարարում էր Սաակաշվիլիի կուսակցության հետ նախընտրական միավորում ձևավորած «Աղամշենեբելիի ռազմավարություն» շարժման պատգամավոր Պաատա Մանժղալաձեն։

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները լուրջ չեն ընկալում ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն ընդհանրապես լուրջ չեն ընկալում ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը՝ հիշեցնելով, որ «Հանուն հզոր Վրաստանի» դաշինքի առաջնորդները մինչև վերջերս շատ վատ հարաբերություններ ունեին։

«Նրանք ոչ սկզբունքներ ունեն, ոչ էլ քաղաքական ճաշակ։ Միակ լավ բանն այդ ամենում այն էր, որ միավորման մասին նրանք հայտարարեցին քաղաքապետ Կախա Կալաձեի նախաձեռնությամբ վերանորոգված Գուդիաշվիլիի հրապարակում», - հեգնում էր «Վրացական երազանք»-ի պատգամավոր Բեկա Օդիշարիան։

Վրաստանում անցկացված վերջին սոցհարցումները վկայում են, որ առաջիկա ընտրություններում իշխող կուսակցությունն առաջին տեղում կլինի, ճիշտ է, ոչ թե բացարձակ, այլ հարաբերական մեծամասնություն ստանալով։

Edison Research կենտրոնի կողմից հուլիսին անցկացված հետազոտության համաձայն՝ «Վրացական երազանք»-ի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների 32, իսկ Սաակաշվիլիի աջակիցների օգտին՝ 17 տոկոսը։ Երրորդ տեղի համար պայքարում են Խազարաձեի և Էլիսաշվիլիի նորաստեղծ դաշինքն ու նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։

XS
SM
MD
LG