Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով, քանի որ երկիրը կենտրոնացած է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտից հետո վերակառուցման վրա։
Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, գլխավորում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն անցյալ շաբաթ իշխանությունից հեռացրեց Ասադին։
«Իսրայելցիներն ակնհայտորեն հատել են Սիրիայում շփման գիծը, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ներկայացնում»,- ասել է Շարաան ընդդիմադիր «Սիրիա» հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցում։
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում իրականացրեց Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում և որոշ ռազմավարական նշանակության կետերում։
Արաբական մի քանի երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանը, դատապարտել են Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բուֆերային գոտու գրավումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաբական ութ երկրները պահանջում են դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայի տարածքից