Արաբական ութ պետություններն այսօր պահանջել են անհապաղ դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայի տարածքից։ Այս մասին նշված է Եգիպտոսի, Իրաքի, Կատարի, Բահրեյնի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք իսրայելական զորքերի ներթափանցումը Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտու տարածք, ինչպես նաև Հերմոն լեռան վրա գտնվող մի շարք դիրքերի գրավումը։ Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի նորմերի և 1974 թվականին Սիրիայի և Իսրայելի միջև կնքված «Ուժերի տարանջատման մասին» համաձայնագրի այս կոպիտ խախտումը», - նշում են արաբական պետությունների բարձրաստիճան դիվանագետները։
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում իրականացրեց Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում և որոշ ռազմավարական նշանակության կետերում։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հարավում պաշտպանական գոտի է ստեղծվելու առանց իսրայելական մշտական ներկայության։