Իսրայելն ավիահարված է հասցրել Եմենի նավահանգստին

Հոդեյդա նավահանգիստ, Եմեն, 29-ը սեպտեմբերի, 2024թ.

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի հութիների թիրախներին, մասնավորապես Հոդեյդա նավահանգստին, վնասվել են վառելիքի բաքեր, հաղորդում է Reuters-ը։

Հարվածը հաջորդում է վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ հութի զինյալների հրթիռների հարձակմանը։

Իսրայելական բանակը հայտարարության մեջ նշել է, որ տասնյակ ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ, հարձակվել են էլեկտրակայանների վրա Ռաս Իսա և Հոդեյդա նավահանգիստներում, որն օգտագործվում է նավթի ներկրման համար։ Սա Հոդեյդա քաղաքի մեծ մասում հոսանքազրկման պատճառ է դարձել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում հութիները գործել են Իրանի ղեկավարության և ֆինանսավորման ներքո՝ իրաքյան աշխարհազորայինների հետ համագործակցելով՝ Իսրայել պետության վրա հարձակվելու, տարածաշրջանային կայունությունը խաթարելու և նավարկության գլոբալ ազատությունը խաթարելու նպատակով», - ասվում է բանակի հայտարարության մեջ:

Եմենի հութի գրոհայինները Գազայում պատերազմից ի վեր բազմիցս հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ որպես համերաշխության արտահայտում պաղեստինցներին։ Երկու շաբաթ առաջ նրանց արձակած հրթիռն առաջին անգամ հասել էր Իսրայել։

Հութիները հայտարարել են, որ «Եմենի աջակցության ճակատը կանգ չի առնի»։

  • Այս նոր լարվածությանը նախորդել էր Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինյալ խմբավորման առաջնորդի սպանությունը Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով։ «Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ էր «Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտնում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանվելու մասին