Իսրայելն իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության․ The Wall Street Journal

Իսրայելի զինվորականները, 9-ը հուլիսի, 2024թ․

Իրանի և լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման կողմից Իսրայելին հավանական հարվածներ հասցնելու աճող մտահոգությունների ֆոնին՝ Իսրայելն իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Պարբերականը նշում է, որ Իսրայելը նկատել է, որ Իրանն ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Հեզբոլա»-ը հարձակումներ են նախապատրաստում, սակայն հարվածներ կլինեն, թե ոչ, հստակ չէ։

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Լիբանանի հետ սահմանին ուժեղացրել են ավիացիոն վերահսկողությունը, բնակչության համար նոր հրահանգներ դեռ չկան։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը կարգադրել էր դադարեցնել զինվորականների արտասահմանյան ուղևորությունները։

Լիբանանյան լրատվամիջոցները գրում են, որ «Հեզբոլա»-ն սկսել է տարհանել Բեյրութում գտնվող իր գրասենյակները։ Փակվում են նաև կազմակերպության քաղաքական շտաբները։ Աղբյուրները պնդում են, որ դա կարող է վկայել հարձակման դեպքում Իսրայելի պատասխանի ակնկալիքների մասին։

The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ը սուզանավ է ուղարկել տարածաշրջան և արագացնում է երկրորդ ավիակիրի ժամանումը։

Երեկ Պենտագոնը հաղորդեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրահանգել է՝ արագացնել ավիակիրների մատակարարումը Մերձավոր Արևելք՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Իսրայելին։

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

«Թեհրանն իրեն պարտավորված է զգում պատասխանել, և թշնամին սպասում է մեծագույն վախը սրտում», - իր ուղերձում ասել է «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան՝ հավելելով՝ «Հեզբոլա»-ը կպատասխանի «կա՛մ միայնակ, կա՛մ տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող բոլոր խմբավորումների հետ միասին»։

Միացյալ Նահանգները, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտարարել է, որ Իրանը և/կամ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները կարող են «հարձակվել Իսրայելի վրա արդեն այս շաբաթ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱՄՆ-ի՝ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ «այս շաբաթ»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքը նյարդային սպասման մեջ է