Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարը կարող է ձեռք բերվել մի քանի օրվա ընթացքում. ԱՄՆ դեսպան

Իսրայելական հարվածի հետևանքները Լիբանանում, 25-ը նոյեմբերի, 2024թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «մի քանի օրերի ընթացքում»:

«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, Եվրամիությունը նրա միայն զինյալ թևն է ներառել իր սև ցուցակում, ոչ քաղաքականը։

Դեսպան Մայք Հերցոգը երկուշաբթի օրը Իսրայելի բանակի ռադիոյին ասել է, որ վերջնականացնելու մի քանի կետ է մնացել, և որ ցանկացած գործարք պահանջում է կառավարության համաձայնությունը։ Բայց, նա հավելել է, որ մոտ են գործարքի կայացմանը, և «դա կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում»:

Դեռևս չհամաձայնեցված խնդիրների թվում Իսրայելի պահանջն է՝ իրեն վերապահել գործելու իրավունքը, եթե «Հեզբոլա»-ն խախտի ձևավորվող գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Գործարքը նպատակ ունի դուրս բերել «Հեզբոլա»-ի և իսրայելական զորքերին հարավային Լիբանանից: