Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն անցել է 550-ից, հայտարարում են Լիբանանի իշխանությունները՝ երեկվանից սկսված հարձակումը 2006-ից ի վեր ամենամահաբերը որակելով։
Փորձագետների կարծիքով՝ այս հարձակումներով Իսրայելի ու արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման միջև նոր պատերազմ է սկսվում։
Զոհերի թվում շուրջ 150 կանայք ու երեխաներ կան, վիրավորների թիվը, վերջին տվյալներով, անցնում է 1800-ը։ Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարում է՝ սպանվածների ճնշող մեծամասնությունն անզեն մարդիկ էին։
«Հեզբոլա»-ին աջակցող ու հովանավորող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը CNN-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է՝ տարածաշարջանային պատերազմի վտանգ կա․ - «Վտանգ կա, որ այս իրադարձությունների կրակը կտարածվի ամբողջ տարածաշրջանում, և սա կարող է վտանգավոր լինել աշխարհի ապագայի համար։ Մենք պետք է կանխենք տեղի ունեցողը՝ Իսրայելի հանցավոր քայլերը։ Սա անթույլատրելի է»:
Լիբանանն ահազանգում է՝ հարվածներ են հասցվել հիվանդանոցների, բժշկական այլ հաստատությունների։ Իսրայելական կողմը Լիբանանի հարավային ու հյուսիսային շրջանների բնակիչներին նախազգուշացրել է հեռանալ իրենց բնակավայրերից։ Նախօրեից հազարավոր մարդիկ հենց այդպես էլ արել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Լիբանանի բնակիչներն առավոտից տարհանման կոչով զանգեր են ստանումԻրենց բնակավայրերը լքած հազարավոր լիբանանցիները ապաստարաններում են տեղավորվում, այդ նպատակով են օգտագործվում նաև դպրոցները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հորդորել է նախազգուշացումները լուրջ ընդունել՝ հավելելով՝ բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իսրայելական գործողությունից հետո։
Լիբանանցիներին ուղղված կարճ տեսաուղերձում Նեթանյահուն ասել է. - «Իսրայելի պատերազմը ձեր դեմ չէ, այլ «Հեզբոլա»-ի: Այն երկար ժամանակ ձեզ որպես կենդանի վահան է օգտագործել»:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, թե գործողության նպատակը «Հեզբոլա»-ին իր սահմաններից հեռացնելն ու Իսրայելի հյուսիսային շրջաններից հեռացած քաղաքացիներին իրենց տներ վերադարձը հնարավոր դարձնելն է՝ պնդելով՝ Գազայի հետ արդեն մեկ տարի շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում «Հեզբոլա»-ն 9000 հրթիռ ու ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Հաղորդվում է տարբեր հատվածներում հարվածների մասին, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ։ Իսրայելական հարվածների հիմնական թիրախները Լիբանանի հարավային շրջաններում են՝ Իսրայելի սահմանին կից։
Երեկվանից սկսված լայնածավալ հարձակումը իսրայելական կողմի հաղորդմամբ մեծ վնաս է հասցրել իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը։ Թե դեռ որքան կշարունակվեն հարվածները Իսրայելական կողմը չի հստակեցնում՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են նաև ցամաքով ներխուժել:
Ըստ Իսրայելի՝ «Հեզբոլա»-ի 1600 ռազմական թիրախ են խոցել, իսկ խմբավորման անդամներից շատերը բնակելի շենքերում են թաքնվել։
Այս հարձակումից առաջ էլ՝ անցած շաբաթ «Հեզբոլա»-ի հազարավոր անդամների մոտ գտնվող փեյջերներ ու ռադիոկապի միջոցներ էին պայթել։ Իսրայելը պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը այդ պայթյուններին։