Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 211-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են

Իսպանիա - Ջրհեղեղի հետևանքները, 31-ը հոկտեմբերի, 2024թ.

Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի։ Նրանց մեծ մասը մահացել է Վալենսիայում և դրա շրջակայքում։ Իսպանացի պաշտոնյաները նշում են, որ ջրի մակարդակի նվազելուն զուգահեռ զոհերի թիվը դեռ կաճի։

Հեղեղներից տուժած բնակավայրերի ավելի քան 90 տոկոսում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, թեև հազարավոր մարդիկ դեռ մնում են առանց հոսանքի և խմելու ջրի։
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մոտ 2 հազար զինվորական է մասնակցում, նրանցից 500-ը՝ հեղեղից ամենաշատը տուժած Վալենսիայում և Կատալոնիայում։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարգադրել է ևս 5 հազար զինվորական և 5 հազար ոստիկան ուղարկել Վալենսիա։

Փողոցները տիղմից և աղբից մաքրելու աշխատանքներին նաև բազմաթիվ կամավորներ են մասնակցում։ Վալենսիայի Ալֆաֆար քաղաքում կամավորները բողոքում են, որ տեղական իշխանությունները չեն կարողանում պատշաճ կազմակերպել փրկարարական աշխատանքները։

«Խնդիրն այն է, որ մենք եկել ենք օգնելու։ Սակայն աղբը շատ-շատ է, տրակտորների անիվները ծակվում են, և մենք չենք կարողանում շարունակել աշխատանքը, քանի որ միջոցներ չունենք դրանք վերանորոգելու համար: Մենք չենք կարող շարունակել օգնություն տրամադրել, եթե ոչ ոք չվերանորոգի տրակտորները», - ասում է կամավոր Խավիեր Ալոնսոն:

«Մենք պետք է մեքենաները հանենք, որպեսզի կարողանանք մարդկանց դուրս հանել, մաքրել աղբն ու մարդկանց իրերը և կարգի բերենք քաղաքը, քանի որ խառնաշփոթ է։ Մեզ լքել են, դեռ ոչ ոք այստեղ չի եկել», - նշում է մեկ այլ կամավոր՝ Ռաուլ Կոլբի Ֆերնանդեսը:

«Ես երեք օր է շրջում եմ քաղաքում և օգնում եմ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մենք ուտելիքով ու ջրով լի ուսապարկեր ունենք», - իր հերթին, ասում է կամավոր
Ռաֆայել Արմերոն:

Քաղաքացիները նաև սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ են բերում Վալենսիայի ֆուտբոլի մարզադաշտ, որտեղից համակարգվում է դրանց ընդունումն ու բաշխումը։

«Այո, մարդիկ գալիս են, կամավորական խմբեր կան իմ համալսարանում, ամենուր, նրանք գնում են գյուղերը մաքրելու, հեռացնելու աղբը, օգնելու մարդկանց, սնունդ բաժանելու, օգնելու ջրհեղեղից տուժած կենդանիներին, որոնք ապաստարաններում մնացել են առանց ոչ մի բանի», - ասում է Գիլդա անունով ուսանողուհին:

«Այս պահին կա բացարձակ համերաշխություն, և դա ստիպում է հավատալ մարդկանց, չնայած աշխարհում տիրող իրողություններին և իրադարձություններին։ Բայց, այո՛, կարծում եմ՝ շատ գեղեցիկ է և հուզիչ տեսնել, որ բոլորս միասնական ենք, որ հոգ ենք տանում մարդկանց մասին, որոնք այստեղ են՝ մեր ընկերները և մեր ընտանիքները», - ասում է համալսարանի աշխատակցուհի Ալեխանդրա Նիետոն:

«Երբեմն մեր պահվածքն ավելի օրինակելի է, քան նույնիսկ մեզ ղեկավարող քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք ներկայացնում են մեզ և կազմակերպում մեր կյանքը: Մարդիկ երբեմն ավելի լավ են կառավարում իրենց, քան երբ նրանց ուղղորդում են», - ընդգծում է գործարար Մարիոն:

Սա Իսպանիայի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր ջրհեղեղն է համարվում։ Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ մահվան այսքան շատ դեպքերի պատճառները մի քանիսն են. նախ՝ առատ տեղումների հետևանքով ջրի հոսքը շատ ուժեղ է եղել, վարորդներից շատերը հեղեղի ժամանակ ճանապարհին են եղել և արգելափակվել են իրենց մեքենաներում։ Բացի այդ՝ բնակավայրերը պատրաստված չեն եղել նման աղետի, տեղական իշխանություններներն իրենց հերթին չեն կարողանում պատշաճ կազմակերպել փրկարարական աշխատանքները։

Բնակիչները ևս տեղի իշխանություններին քննադատում են ջրհեղեղի հետևանքները վերացնելու հարցում դանդաղ և վատ արձագանքելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասավ 211-իԻսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-իԻսպանիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 95 մարդ է մահացել. հայտարարվել է եռօրյա սուգԻսպանիայում անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել