Իշխող ՔՊ կուսակցության ֆինանսական հաշվետվության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական հաշվետվության պատմությունը հասել է իրավապահներին, քրեական գործեր են հարուցվել։

Աուդիտորական կազմակերպությունն ուսումնասիրել էր ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունն ու բացասական գնահատել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր հերթին ամիսներ շարունակ ուսումնասիրում էր աուդիտի եզրակացությունը, այսօր «Ազատությանը» հայտնել են, որ երկու հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աուդիտը բացասական է գնահատել ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունը

Աուդիտի արդյունքում պարզվել էր, որ իշխող ուժի նվիրատուներից հինգը օրենքով նախատեսվածից երկու անգամ ավելի գումար են փոխանցել։ Կուսակցությունների մասին օրենքով՝ եթե նվիրատուները սահմանված չափից ավելի գումար են փոխանցում, ապա դա կա՛մ կուսակցությունը վերադարձնում է նվիրատուին, կա՛մ փոխանցում պետական բյուջե։ Բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն այդ գումարը հետ չէր ուղարկել, ոչ էլ պետբյուջե է փոխանցել, պահել էին կուսակցական բյուջեում։ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել գործին։

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու, ինչպես նաև նվիրատուի կողմից սահմանված առավելագույն չափը գերազանցելու հոդվածներով։

Օրենքով անանուն նվիրատվություններն արգելված են, աուդիտով պարզվել էր՝ ՔՊ-ին անանուն նվիրատուից երկու միլիոնից ավելի գումար էր փոխանցվել, որը «Կուսակցությունների մասին» օրենքով ՔՊ-ն պետք է պետբյուջե փոխանցեր, բայց դարձյալ չէին արել։ 11 միլիոնից ավելի գումար կանխիկացրել էին, ինչն օրենքով արգելված է։

Մինչ քրեական գործերի հարուցումը, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Քրեական օրենսգրքի այս խախտումը համարել էր տեխնիկական խնդիր։

«Չի կարող այդտեղ չարամտորեն ոչինչ լինել, որովհետև այդ ամեն ինչը թափանցիկ է ու այսպես գնում են մարդիկ ուսումնասիրում են, եթե տեխնիկական խնդիրներ են լինում, էդ խնդիրները շատ արագ ու հեշտ լուծելի են, միայն ու միայն տեխնիկական հարցեր են․ փոխանցում են, եթե նման խնդիր է առաջանում, էդ ժամանակ գումարը հետ է փոխանցվում։ Ցավոք սրտի, օրենքի կարգավորում չկա, որ բանկն ուղղակի չընդունի էդ փոխանցումը», - ասել է Ալեքսանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Տեխնիկական հարց է». ՔՊ-ի անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել

«Թրաստ» աուդիտ տեղական կազմակերպությունը նաև բացահայտել էր, որ վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցության հաշվետվությունում ամբողջությամբ ներկայացված չեն ֆինանսական աղբյուրներն ու ծախսերը, ինչը կասկածել է դարձրել կուսակցության ֆինանսական մուտքերի ու ելքերի թափանցիկությունը։ Պարզվել էր՝ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207.2 միլիոն դրամի նվիրատվություն, բայց ֆինանսական հաշվետվությունում ներկայացրել է ավելի քան 35 միլիոն դրամով պակաս գումար։

Աուդիտի բացահայտած իրավախախտումներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ էր վարչական վարույթներ հարուցել։ Իշխող կուսակցության 2023-ի ֆինանսական հաշվետվությունում էլ աուդիտորական կազմակերպությունը նույնաբովանդակ ֆինանսական խախտումներ էր հայտնաբերել։ Այս հաշվետվության վերաբերյալ դեռ որոշում չունի հանձնաժողովը, 60 օրով երկարաձգել է ստուգման ժամկետը։

Աուդիտը «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջ է պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցությունների համար։ Այդ ֆինանսավորումը նրանց հատկացնում են, եթե Ազգային ժողովի վերջին ընտրություններին ստանում են ձայների առնվազն 3 տոկոսը։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ աուդիտորական ընկերություններն ընտրվում են վիճակահանությամբ։

ՔՊ-ի ընտրական դրամահավաքի աղմկոտ պատմությունները լրահոսում են տարեսկզբից։ «Սիվիլնեթ» ու «Ինֆոքոմ» լրատվամիջոցներն էին հետաքննել ու պարզել, որ օրենքի խախտումներով են դրանք կատարվել, միլիոնավոր դրամների փոխանցումներ են եղել կուսակցության բյուջե զրո կամ քիչ եկամուտ ունեցող մարդկանց անունից, որի մասին այդ մարդիկ տեղեկացել էին լրատվամիջոցներից։ Գլխավոր դատախազությունն այս հրապարակումներին ընթացք չտվեց։