Մատչելիության հղումներ

Աուդիտը բացասական է գնահատել ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական տարեկան հաշվետվությունը բացասական է գնահատել աուդիտորական կազմակերպությունը։ Պարզել է, որ վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցության 2022 թվականի հաշվետվությունում ամբողջությամբ ներկայացված չեն ֆինանսական աղբյուրներն ու ծախսերը։

Միջազգային գործընկերոջ հետ «Թրաստ աուդիտ» տեղական կազմակերպության վերլուծությունն ուսումնասիրել է «Սիվիլնեթ»-ի հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը։

«Աուդիտը շատ էական պրոբլեմներ է բացահայտել», - «Ազատությանն» ասաց Կարապետյանը:

Աուդիտը հայտնաբերել է, որ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207.2 միլիոն դրամի նվիրատվություն, բայց ֆինանսական հաշվետվությունում ներկայացրել է ավելի քան 35 միլիոն դրամով պակաս գումար։

Կուսակցությունների մասին օրենքով՝ եթե նվիրատուները սահմանված չափից ավելի գումար են փոխանցում, ապա դա կա՛մ կուսակցությունը հետ է փոխանցում նվիրատուին, կա՛մ փոխնցում է պետական բյուջե։ Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նվիրատուներից հինգը օրենքով նախատեսված չափից երկու անգամ ավելի գումար են փոխանցել։ Բայց կոռուպցայի դեմ պայքար խոստացող վարչապետի գլխավորած կուսակցությունն այդ գումարը հետ չի փոխանցել, շեշտում է հետաքննող լրագրողը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ո՛չ էդ գումարը փոխանցել է քաղաքացիներին, ո՛չ փոխանցել է պետական բյուջե։ Նույն 2-րդ կետով էդ նույն թեմայի շրջանակում անանուն նվիրատվություններն արգելված են, բայց կար դեպք, երբ որ կարծեմ մինչև 3 միլիոնի չափով ինչ-որ մի անձ անանուն նվիրատվություն էր կատարել «Քաղաքացիական պայմանագրին»: Երբ որ անանուն նվիրատվություններ ես ստանում, «Կուսակցությունների մասին» օրենքով պարտավոր ես դա փոխանցես պետական բյուջե: «Քաղաքացիական պայմանագիր»-ը էդ գումարը ևս, ըստ աուդիտի արդյունքների, ինքը իրեն է պահել ու էլ չի փոխանցել պետական բյուջե», - ասաց Կարապետյանը:

Օրենքով՝ կուսակցությունը բոլոր գործարքները պետք է կատարի անկանխիկ։ Ըստ աուդիտի՝ 2022-ի ընթացքում 11.3 միլիոն դրամ կանխիկացրել են։

«Բոլորին պարտադրում են, որ 300 հազար դրամից ավել չեք կարող որևէ կանխիկ գործարք անեք, հարց է առաջանում՝ կուսակցությունը 11.3 միլիոնի ի՞նչ կանխիկ գործարքներ է իրականացրել: Դրա մասին էլ է տեղեկությունները սահմանափակ», - ընդգծեց լրագրողը:

Իշխող կուսակցությունը 2022-ի ընթացքում հավաքել է 9.3 միլիոն դրամի չափով անդամավճար, բայց հաշվետվությունում, ըստ «Սիվիլնեթ»-ի ուսումնասիրության, 24.6 միլիոն դրամն է երևում։ Բացի այդ, Փաշինյանի կուսակցությունը, ըստ աուդիտի, 2022-ին 15.5 միլիոն դրամի գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ, բայց պայմանագրերը հասանելի չեն եղել աուդիտորական ընկերությանը։

«Վարձակալության պայմանագիրը աուդիտորը պարտավոր է ստուգի՝ ինչ գնով՝ շուկայական, թե ինչ, որովհետև էդտեղ էլ ռիսկեր կան: Բայց, ցավոք, աուդիտորական ընկերությունը չի կարողացել էդ պայմանագրերը ստանալ, որպեսզի ստուգի», - նշեց Մկրտիչ Կարապետյանը:

Կուսակցության վարչության անդամների հետ կապվել չհաջողվեց։ «Ազատության» զանգերին պատասխանեց Արփի Դավոյանը, բայց հրաժարվեց մեկնաբանել։ Կուսակցականներից արձագանքեց միայն Հովիկ Աղազարյանը, որին «սարսափելի» թվաց աուդիտի եզրակացությունը. - «Դա սարսափելի է, եթե էդպես է»:

Ըստ պատգամավորի՝ բազմաթիվ հետևորդներ ունեցող կուսակցությունը չի կարող խուսափել հասարակության արատավոր երևույթներից. - «Նիկոլ Փաշինյանի շուրջը սրբեր չեն հավաքված, առավել ևս՝ երբ որ արդեն էդ մարդկանց թիվը բավականին մեծ է, արդեն հազարների է հասնում: Հետևաբար՝ էն հիվանդությունները, որոնք կան հաարակության մեջ, ինչ-որ չափով նաև պրոյեկտված են նաև մեջ»:

ՔՊ-ի ընտրական դրամահավաքի աղմկոտ պատմությունները լրահոսում են տարեսկզբից։ «Սիվիլնեթ» ու «Ինֆոքոմ» լրատվամիջոցներն էին հետաքննել ու պարզել, որ օրենքի խախտումներով են դրանք կատարվել, միլիոնավոր դրամների փոխանցումներ են եղել կուսակցության բյուջե զրո կամ քիչ եկամուտ ունեցող մարդկանց անունից, որի մասին այդ մարդիկ տեղեկացել էին լրատվամիջոցներից։

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալական», - ասել էր վարչապետը:

Ընտրական օրենքի մասնագետ Վարդինե Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հիմնավորել էր, որ քրեորեն պատժելի արարք է կատարվել իշխող կուսակցությունում։ ՔՊ-ի ղեկավարը համոզված էր՝ թերացումներ են, որ չեն հատել Քրեական օրենսգիրքի սահմանները։

«Շատ դառնացած եմ էդ թեմայով, շատ դառնացած եմ և իմ պարտքն եմ համարում, որ նման բան այլևս չկրկնվի», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոստացել էր ներքին հետաքննություն անել ու պարզել՝ ինչու է այդպես եղել։ «Ինֆոքոմ»-ի ու «Սիվիլնեթ»-ի հետաքննությունների մասով լուր չկա իրավապահ մարմիններից, ինչպես նաև կուսակցությունից։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական հաշվետվության բացասական եզրակացությունն ուսումնասիրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ո՞ւր կհասնի եզրակացությունը՝ իրավապահ մարմիննե՞ր, թե՞ պարզապես վարչական տուգանք կսահմանի հանձնաժողովը։ «Ազատությանը» փոխանցեցին, թե արդյունքների մասին կկարողանան հայտնել մայիսի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG