Հունվարին 1-ից թանկացող հանրային տրանսպորտ ու անզիջում քաղաքային իշխանություն: Վստահեցնում են՝ ավարտին են մոտեցնելու միասնական տրանսպորտային ցանցի բարեփոխումը:
90-րոպեանոց մեկանգամյա օգտագործման 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթներ կգործեն։ Քաղաքային իշխանությունը սա թանկացում չի համարում՝ հատկապես տրանսպորտից հաճախակի օգտվողների համար, պնդում է՝ առանց սակագները փոխելու տրանսպորտային բարեփոխումը չեն կարողանա իրականացնել:
«Նոր տարվանից, 58 դրամ՝ ով ավելի հաճախ է օգտվում տրանսպորտից, նրա համար գինը էժանանում ա, ով ավելի քիչ է օգտվում տրանսպորտից, նրա համար որոշ չափով թանկանում ա: Բայց հաշվի առնելով, որ մարդը, ով որ քիչ ա օգտվում տրանսպորտից, դա չի մեծացնում իր համընդհանուր ծախսը», - երեկ երևանցիներին բացատրում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մինչ այդ ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները ստորագրահավաք են անցկացնում տրանսպորտի թանկացման դեմ։ «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր անհրաժեշտ մոտ 8 հազար ստորագրության փոխարեն քաղաքապետարան 17 հազար ստորագրություն ներկայացրեց:
«Տրանսպորտի գինը պետք է չթանկանա՝ մետրո, ավտոբուս՝ 100 դրամ, տրոլեյբուս՝ 50 դրամ, իսկ եթե քաղաքացիները որոշեն օգտվել փաթեթներից, ապա կարող են զգալիորեն մատչելի փաթեթից օգտվել, որի դեպքում գինը կլինի 100 դրամից էլ պակաս: Համեմատության համար ասեմ, որ մեր տարեկան փաթեթը 35 հազար դրամ է, իսկ իշխանությունների առաջարկածը՝ 90 հազար դրամ», - նշեց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Ավագանու կառավարող մեծամասնությունը մեկ անգամ մերժել էր նախագիծը, երևանցիների անունից նախագիծը կրկին ավագանու օրակարգ բերելու համար անհրաժեշտ էր մայրաքաղաքում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 1 տոկոսի ձայնը: Եթե դեկտեմբերի 24-ին կայանալիք ավագանու նիստում նախագիծը կրկին մերժվի, ապա ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաքը կշարունակի, որին արդեն պետք է միանան ընտրելու իրավունք ունեցողների 10 տոկոսը: Այս պարագայում հարցը կարող է դրվել նաև հանրաքվեի:
«Եվ եթե հետագայում մեր նախագիծն է քննարկվում ավագանու նիստում և ենթադրենք ընդունվում է, էդ դեպքում ի՞նչ են անելու էդ քաղաքացիները իրենց թանկարժեք փաթեթների հետ, այսինքն՝ հետ պտտեցնելու բարդ մեխազմներ են առաջարկում, դրա համար ամենաողջամիտը այն է, որ իրենք կասեցնեն էդ որոշումը առնվազն էնքան ժամանակ, մինչև որ մեր հարցը քննարկվի», - ընդգծեց Թևանյանը:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Առավելագույնը 100 դրամ» շարժումն արդեն 60 հազար ձայն է հավաքել, մինչև այս ամսվա 15-ը դեռ ժամանակ կա: Նախկին քաղաքապետի թիմն առաջարկում է իշխանություններին նախագիծը լրացնել՝ պահպանելով մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ ուղեվարձը:
«Իրապես մենք դա գիտակցում ենք, որ գործ ունենք իշխանության հետ, որը զբաղված է միայն նրանով, ինչ իր խելքին է փչում և բավականին համառ է՝ ի վնաս իրեն է ի դեպ համառ, տեսեք՝ արդեն 60 հազար ստորագրությունը դա մարդկանց անվստահություն է իշխանության կողմից իրականացվող տրասպորտային քաղաքականությանը: 60 հազար ձայնով հանգիստ կարելի է ֆրակցիա ձևավորել և մտնել ավագանի, դառնալ իշխանություն: Այնպես որ՝ պարտավոր են ականջալուր են լինել քաղաքացիներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:
Երկու խմբակցություններն էլ պնդում են՝ քաղաքացիները դեմ են թանկացմանը, ավելին՝ եթե իշխանությունը տեղի չտա, ըստ նրանց, կարող են բոյկոտել և ընդհանրապես չվճարել:
«Եթե նրանց հաջողվի իսկապես բարձրացնել հունվարի 1-ից գները, քաղաքապետը և ամբողջ իրենց քաղաքական ուժը շատ վատ վիճակում են հայտնվելու, որովհետև այն, ինչ նրանք փորձում են համոզել և ասել՝ 300 չի, չգիտեմ ինչքան է, մարդիկ հասկանալու են, թե իրականում իրենց համար քանի տոկոսով է թանկացել», - ընդգծեց Աբգարյանը:
Ընդդիմադիրները պնդում են՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմի առաջարկած սակագներում չկան հստակ հաշվարկներ: Մինչ օրս, ըստ նրանց, նույնիսկ հայտնի չէ՝ ինչքան է մեկ ուղևորատոմսի ինքնարժեքը: Երկու ուժի նախագծերի ձևը տարբեր է, բայց բնույթն ու վերջնարդյունքը՝ նույնը, նրանք չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող են համատեղել ուժերը: