«Ես չէի համաձայնի, թե շատ անողոք է եղել քննադատությունը, կարող է շատ ավելի անողոք լինել», - իշխող կուսակցությունում նախօրեի քննարկման մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:
«Այո, անողոք էր, ինչքան անկեղծ՝ այնքան անողոք է դառնում», - իր հերթին, ընդգծեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը:
Ինչո՞ւ են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամները երեկ երեկոյան վարչապետի գլխավորությամբ կայացած նիստում «անողոք» քննադատել միմյանց։ Այն, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են իրար, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել էր Նիկոլ Փաշինյանը։
«Ժանրը եղել է ինքնաքննադատություն, և մենք խոսել ենք ներթիմային հարցերի մասին», - ասաց երեկվա նիստին ելույթ ունեցած պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով Փաշինյանի տիկնոջ եղբայրն է:
«Տարբեր, ներկուսակցական, տարբեր անձանց կամ տարբեր անձանց վարքագծի հետ կապված: Ավելին չեմ պատրաստվում ասել», - նշեց Նարեկ Բաբայանը:
Քննարկմանը մասնակցած իշխող ուժի պատգամավորներն այսօր ճիշտ չէին համարում փակագծեր բացել, թե կոնկրետ ով ում է քննադատել և ինչի համար: Հրաչյա Հակոբյանը, այնուամենայնիվ, որոշ մանրամասներ հայտնեց.
«Ազատություն». - Իսկ կոնկրետ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ երեկ քննարկումներ ունեցե՞լ եք՝ իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:
Հակոբյան. - Այդ թվում նաև:
«Ազատություն». - Քննություն կտեսնե՞նք մենք այդ կոռուպցիոն դրսևորումների: Այսինքն՝ ի վերջո, դուք, թիմի ներսում պետք է պարզեք, չէ՞, ով ինչ կոռուպցիոն դրսևորումների համար է մեղադրվում:
Հակոբյան. - Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցերում կլինեն քննություններ:
Թե իշխանականներից ովքեր և ում հասեցին են կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցրել, և ինչպես է արձագանքել դրանց վարչապետը, պատգամավորը չմանրամասնեց։
Մամուլը, սակայն, մի շարք իշխանականների հարազատներին առնչվող և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներին անդրադարձել է։
Օրինակ, «Սիվիլնեթ»-ը այս տարվա օգոստոսին գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում։ Լրատվամիջոցը հարց էր բարձրացրել. - «Երբևէ բիզնեսի սեփականատեր չեղած, թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը ինչպե՞ս կարող էր 40 հեկտար հող գնել, այգի հիմնել, դրա համար նաև շուրջ 4 միլիոն դոլարի վարկ ներգրավել»։ Ըստ «Սիվիլնեթ»-ի, նաև պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։
Մեկ այլ հրապարակում էլ առնչվում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորը, ով, ըստ «Սիվիլնեթ»-ի, 9 հեկտար հողամաս է ձեռք բերել Արմավիրի մարզում։
Իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումներին վերաբերող քննարկումներից զատ, ըստ ՔՊ-ական պատգամավորների, շոշափվել է նաև առանձին պատգամավորների վարքագիծը։ Արդյո՞ք որոշ ՔՊ-ականներ իրենց ելույթներում դժգհել են խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից: Հրաչյա Հակոբյանը չհերքեց, բայց և հրաժարվեց անուններ տալ. - «Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա»:
«Ազատություն». - Որոշում կայացրե՞լ եք այդ ներթիմային երեկվա քննարկման արդյունքում:
Հակոբյան. - Չէ, ոչ մի որոշում չենք կայացրել որպես այդպիսին:
«Ազատություն». - Պաշտոնանկություններ, հրաժարականներ չե՞ն լինելու այդ քննարկումների արդյունքում:
Հակոբյան. - Ես չունեմ որևէ այդպիսի ազդակ, որ ինչ-որ նմանատիպ գործընթացներ կարող են լինել:
Արմեն Խաչատրյանը բացառում է, որ ինչ-որ պատգամավորների պահանջով Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկ արվի
Երեկվա հավաքին մասնակցած ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, ով նույնպես ելույթ է ունեցել նիստում, ևս կոնկրետ անուններ չտվեց. - «Ասեմ այսպես, որ ելույթ ունեցողների ելույթների թիրախում եղել ենք բոլորս: Քննադատվել են այնպիսի գործողություններ, որոնք որ մի մասի համար ընդունելի չի, մյուս մասի համար գուցեև ընդունելի է, կամ մյուս մասը այդ գործողություններից զերծ է եղել, սակայն կարծիք կա, որ այդ գործողությունների մեջ են եղել»:
Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ճի՞շտ է, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հասցեին մի շարք քննադատական ելույթներ են եղել, նա ասաց, թե բոլորի հասցեին է քննադատություն հնչել։ Բայց և պնդեց՝ բացառում է, որ ինչ-որ պատգամավորների հորդորով Քոչարյանին պաշտոնանկ անեն.
«Ազատություն». - Կոնկրետ իր դեպքում ո՞րն է խնդիրը, ինչի՞ց են դժգոհ պատգամավորները, ովքեր իր դեմ ելույթներ են ունեցել:
Խաչատրյան. - Հիմա, Անդրանիկ Քոչարյանը գուցեև հարցերին ավելի սուր է վերաբերվում և ավելի սուր գնահատականներ է տալիս, դա կարող է մեկին դուր գալ, մյուսին դուր չգալ:
«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, պաշտոնանկության հարց հնչե՞լ է, օրինակ՝ ինչ-որ պատգամավորներ հնչեցրե՞լ են, որ պետք է, օրինակ, Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անեն:
Խաչատրյան. - Որևէ մեկը չի կարող նման բան պահանջել:
«Ազատություն». - Այսինքն՝ չի հնչել նման պահանջ երեկ:
Խաչատրյան. - Հիմա, ինչ է հնչել, ինչ չի հնչել՝ իհարկե, ես դա լրատվամիջոցներին չեմ ասի, թե մարդիկ ինչ են մտածում, ինչ չեն մտածում, բայց առանցքային դերակատարում ունի Անդրանիկ Քոչարյանը մի շարք կարևոր հարցերում և հարաբերություններում:
«Ազատություն». - Դուք բացառում եք, որ նրան պաշտոնանկ անեն ինչ-որ պատգամավորների հորդորով:
Խաչատրյան. - Այո, ես դա բացառում եմ, իհարկե: Ես չգիտեմ՝ դա ով է տարածել:
Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը շեշտում է՝ կուսակցին կամ գործընկերոջը իր խնդիրների և թերությունների մասին ասելու մշակույթ պետք է ձևավորվի։ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ երեկվա քննարկման գլխավոր որոշումն էլ հենց դա է եղել:
«Դժվար է քո ընկերոջը քննադատելը, և վարչապետի հիմնական ուղենիշը այն է, որ այս միջոցառումները պետք է շատ լինեն, որի արդյունքը պետք է լինի այդ մշակույթի ձևավորումը», - ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը:
«Փաշինյանն ինքն իրեն է քննադատել»
Եթե, ինչպես ՔՊ-ական պատգամավորներն են պնդում, բոլորը բոլորից դժգոհել են, արդյո՞ք թիմակիցներից որևէ մեկը քննադատել է կուսակցության առաջնորդ Փաշինյանին:
«Փաշինյանը ինքը իր խոսքում նաև քննադատել է ինքն իրեն», - հայտարարեց Հրաչյա Հակոբյանը՝ լրագրողի հարցին, թե «ինչի՞ համար», հակադարձելով. - «Դե հիմա էլի, էլի ինչի համար... չեմ ասելու ինչի համար, չեմ հիշում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ականները մտադիր էին բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը