«Ազատության» աղբյուրների հաղորդմամբ, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։
Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։
Ինքը՝ Քոչարյանը, պնդում է, թե թիմակիցների այդ ցանկությունից տեղյակ չէ, բայց վստահ է՝ նման մտադրություն չի եղել:
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերի, այդ թվում՝ առանցքային անդամների դժգոհության պատճառը Քոչարյանի հայտարարություններն են որոշ ՔՊ-ականների վերաբերյալ։ Մասնավորապես, նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագրում» քննարկումներ են ընթացել Սիսակ Գաբրիելյանին արդարադատության նախարարի թեկնածու առաջադրելու շուրջ, Անդրանիկ Քոչարյանը վիրավորական որակումներ է հնչեցրել նրա և ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի հասցեին:
Ինքը՝ Քոչարյանն այսօր կտրականապես հերքում էր, թե նման հարց կա օրակարգում, բայց ակնարկում էր՝ իր դեմ կազմակերպված արշավ է սկսվել. - «Լավ կազմակերպված գրոհ եք սկսել»:
Հայկ Կոնջորյանը հերքում է, թե խմբակցությունում նման քննարկում կա
ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս հերքեց, թե խմբակցությունում նման քննարկում կա. - «Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»:
Սա հաստատեց նաև «Ազատության» աղբյուրը․ խմբակցությունն իսկապես պաշտոնական դիմում չի ներկայացրել, բայց ներքին քննարկում, այդուամենայնիվ, եղել է։ Եթե երեկվա հանդիպումը կայանար, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ մտադիր էին երեկվա նիստում խոսել իրենց դժգոհություններից:
Կոնջորյանը չհաստատեց, բայց և չհերքեց, որ որպես խմբակցության ղեկավար թիմակիցներից ստացել է բողոքներ կամ դժգոհություններ Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ:
«Իմ թիմակիցները, մեր գործընկերները շատ տարբեր հարցերի վերաբերյալ, տարբեր պաշտոնյաների, տարբեր գործընկերների վերաբերյալ հազար ու մի բան կարող են ասել», - նշեց Կոնջորյանը:
Անդրանիկ Քոչարյանն արդարադատության նախարարի հրաժարականից հետո կողմնակից էր, որ այդ պաշտոնին նշանակվի ՔՊ-ական Արփի Դավոյանը: Սիսակ Գաբրիելյանն այսօր հերքեց, թե Քոչարյանից դժգոհություններ ունի:
«Չկա նման բան, չկա նման իրավիճակ, ձեր տեղեկությունը սխալ է», - ասաց Գաբրիելյանը:
Արդյոք ՔՊ-ականները չեն հրաժարվի իրենց մտադրությունից և կուսակցության ղեկավարի մասնակցությամբ առաջիկա որևէ նիստում կհայտնեն իրենց դժգոհությունը Անդրանիկ Քոչարյանից՝ բարձրացնելով նաև նրա պաշտոնավարման հարցը, դեռ հստակ չէ։
Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության հանձնաժողովը ղեկավարում է արդեն հինգ տարի։