Մերձավոր Արևելքում մարտնչող ռազմականացված ծայրահեղական խմբավորումների համար Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարևորություն ունեն զինյալների հավաքագրման առումով:
ՄԱԿ-ի գնահատականներով, «Իսլամական պետություն»-ն ու դրա հետ գործակցող խմբերը առնվազն 25 հազար արտասահմանցի մարտիկ ունեն` ավելի քան 100 երկրներից:
Ըստ ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի, այդ խմբավորումները արդեն իսկ հարյուրավոր մարտիկների են հավաքագրել Ղրղըզստանից և Տաջիկստանից ու ավելի քան հազար մարտիկ էլ՝ Ղազախստանից:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հանրապետական Քրիս Սմիթը տարակուսում է. - «Դեռ անցյալ շաբաթ իմացանք, որ Տաջիկստանի հակաահաբեկչական ծրագրի ղեկավարը, ով վարժանքներ էր ստացել ԱՄՆ-ի կառավարության շնորհիվ, լքել է իր պաշտոնը՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու համար»:
Մասնագետները նշում են, որ տարածաշրջանի խնդիրների մեծ մասը այդ երկրների կառավարությունների գործունեության արդյունք են: Լայնածավալ կաշառակերությունն ու պաշտոնյաների չարաշահումները, օրենքի գերակայության բացակայությունը, կտտանքներն ու մարդու իրավունքների խախտումները, գործազրկությունն ու աղքատության բարձր մակարդակը նպաստում են բնակչության շրջանում դժգոհության առաջացմանը, որն էլ օգտագործում են ծայրահեղական խմբերը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Միջին Ասիայի գծով օգնականի տեղակալ Դանիել Ռոզենբլյումը նշում է, որ նրանց մեծ մասը հավաքագրվում են իրենց երկրներից դուրս. - «Գրոհայինները հավաքագրվում են հիմնականում երբ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի»:
Ըստ մասնագետների, հասարակ լուծումներ չկան, սակայն երկարատև նպատակամղված ջանքերով կարելի է արդյունքի հասնել: Պետք է ամրապնդել տնտեսական հեռանկարները, որպեսզի երիտասարդները կարողանան իրենց երկրում աշխատել, ընտանիք կազմել, և դա հեռու կպահի նրանց ծայրահեղականացումից:
Ըստ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոս Ֆրենք Սիլուֆոյի, թեև ԱՄՆ-ը կարող է աջակցել, սակայն իրական լուծումները տեղերում պետք է գտնվեն. - «Այդ երկրների կառավարությունները մոտ են իրավիճակին, գիտեն իրենց համայնքները, իրենք կարող են կանխել, կամ հայտնաբերել նման աղբյուրները` արձագանքելով իրավիճակին»:
Մասնագետները կարծում են, որ Միջին Ասիայի երկրների կառավարությունները պետք է բարելավեն մարդու իրավունքների վիճակը և կանխարգելեն փոքրամասնությունների մեկուսացումը: