Հայտարարելով, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխություն, Իրանը, այնուամենայնիվ, հիմնվում է այն հայտարարությունների վրա, որոնք կան, «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թեհրանը միջանցքն ուժով բացելու ազդակներ է ստանում:
«Անպայման չի, որ ինչ-որ այլ բան էլ լինի, որ ինքը այդպես պատասխանի, այսինքն՝ հրապարակային դաշտում առկա հայտարարություններն արդեն իսկ բավարար են, որպեսզի որոշակի անհանգստություն առաջացնեն Իրանի մոտ նաև, և Իրանը կարծես էդպես կանխարգելող բնույթի ակտիվություն է ցուցաբերում», - նշեց քաղաքագետը՝ հավելելով. - «Ի դեպ, աննախադեպ ակտիվություն է, աննախադեպ կերպով, այսպես ասենք, արձագանքում է այդ ամեն ինչին: Շատ իրանագետներ նույնիսկ զարմացած են, նման բան չեն հիշում. մամուլը երբ ուսումնասիրել են, տեսել են, որ իսկապես շատ լուրջ տարբերություն կա՝ հիմա էն դիսկուրսի և մինչ այդ առկա դիսկուրսների միջև: Այսինքն՝ սա ընդամենը մի քանի օրվա պատմություն է՝ այս աստիճանի կտրուկ, բավականին հստակ դիրքորոշման հայտնման...»:
«Դրա համար եմ հարցնում՝ գուցե իսկապե՞ս այդ ազդակները կան, հատկապես որ այս հայտարարությունը հաջորդում է Պուտինի Բաքու այցին, որտեղ շատ ուղիղ Երևանին մեղադրեցին միջանցք չտալու համար», - այս դիտարկմանը Վարդանյանն արձագանքեց. - «Այո, կարող ենք ենթադրել ըստ էության, որ միգուցե նաև, այսպես ասած, փակ ֆորմատներով կա նաև այլ տեղեկատվություն՝ ավելի կոնկրետ տեղեկատվություն, որը մտահոգության տեղ է տալիս, բայց հրապարակային հենց այն, ինչ տեղի է ունեցել, այո, հիմք է, որպեսզի անհանգստություն ցուցաբերեն այն պետությունները, որոնք կարող են էապես տուժել այդ ամեն ինչից»:
«Բնականաբար, այստեղ ակնհայտ երևում է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս է խոսել այն մասին, որ իր համար այդ միջանցքային տրամաբանությանը անընդունելի է և, ըստ էության, ռուսական ինտերպրետացիան նրա, թե ինչպես պետք է դա տեղի ունենա, փաստացի նշանակում է հենց միջազգային տրամաբանություն և, բնականաբար, Ադրբեջանն էլ միշտ էլ, ասենք, աշխատել է այդ ուղղությամբ, որ հնարավորինս այնպիսի միջանցք դա լինի, այնպիսի ճանապարհ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը քիչ վերահսկողության ունենա», - ընդգծեց քաղաքագետը:
Այստեղ հետաքրքիր է, ըստ Վարդանյանի, վերջին շրջանում այս առումով Ռուսաստանի նոր ակտիվությունը՝ տևական պասիվությունից հետո. - «Եվ դա եղավ այն ֆոնին, երբ կային խոսակցություններ, իսկ հետո այդ խոսակցությունները նաև պաշտոնական մակարդակով հայտարարության վերածվեց, որ այդ ճանապարհի, կոմունիկացիայի հետ կապված մաքսային, այսպես, սահմանին որոշակի վարչարարության գործառույթներ կարող են պատվիրակվել որևէ պահնորդական միջազգային կազմակերպության, և այդ կարծես ֆոնին կամ միգուցե դրան ի պատասխան՝ Ռուսաստանի ակտիվությունն ենք մենք տեսնում: Կարծում եմ՝ կապված է այս ամեն ինչը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. ՍոբհանիՀարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար. Արաղչի
Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.