Իրանում մեկնարկել է 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին։ Ընտրությունները կտևեն մինչև երեկո, իսկ անհրաժեշտության դեպքում ներքին գործերի նախարարն իրավասու է երկարաձգել քվեարկության ժամանակը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Իրանում երբևէ ամենացածր մասնակցությունը գրանցած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի չորս թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50 տոկոսը․ ընտրատեղամաս էր ներկայացել քվեարկելու իրավունք ունեցող 61 միլիոն քաղաքացիների միայն մոտ 40 տոկոսը:
Երկրորդ փուլում պայքարում են բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշքիանը և միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալիլին։ Առաջին փուլում Փեզեշքիանը հավաքել է 42,5 տոկոս, իսկ Ջալիլին՝ 38,6 տոկոս ձայն:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրանցիներին հորդորել է ընտրատեղամաս ներկայանալ և ընտրություն կատարել։ Խամենեին ափսոսանք է հայտնել ընտրությունների առաջին փուլին ռեկորդային ցածր մասնակցության համար՝ պնդելով, թե ընտրողների պասիվությունը չի արտացոլում Իսլամական Հանրապետության ժողովրդականությունը:
«Նրանք, ովքեր սիրում են Իսլամը և Իսլամական Հանրապետությունը և երկրի առաջընթացը, պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը՝ մասնակցելով ընտրություններին», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Արտահերթ ընտրությունները նշանակվել են նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ Նա զոհվել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիա՞ն, թե՞ Ջալիլի. Իրանը շաբաթավերջին նոր նախագահ կունենա