Իրանից կրկին հայտարարում են՝ պատասխանն Իսրայելին կլինի նախորդից տարբեր ու ճիշտ ժամանակին

Արխիվային լուսանկար

«Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար Իրանի պատասխանն Իսրայելին ճիշտ ժամանակին կլինի, ասել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղը։

Նրա խոսքով՝ Իրանի պատասխանը տարբեր կլինի նրանից, ինչ տեղի ունեցավ «Ճշմարիտ խոստում» գործողության ժամանակ, երբ Թեհրանն ԱԹՍ-ներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդից՝ արդյունավետության, կատարողականի և ուժի առումով», - հավելել է դեսպանը։

Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվեց ծայրահեղական «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդը: Իրանը և նրա դաշնակիցները Իսրայելին են մեղադրում Հանիեի սպանության համար: Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է, որ ինքը կանգնած է այդ սպանության հետևում: