Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է արել, թե առաջիկայում հայտարարություն կանի, ինչն իր կարծիքով, բեկումնային է լինելու Վանաձորում։
«Առաջիկայում հանդես կգամ հայտարարությամբ կապված հետագա իմ գործունեության հետ, ինչը, կարծում եմ, բեկումնային կլինի», - նշել է Հովսեփյանը։
Նա գրառումն արել ու սահմանափակել է մեկնաբանությունների հնարավորությունը, չի մանրամասնել՝ արդյո՞ք բեկումը քաղաքական դաշտում է սպասվում։
Լիլիթ Հովսեփյանի ամուսինը՝ Արմեն Այվազյանը, Վանաձորում «Ապրելու երկրի» ընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Նա 2021-ի ընտրություններից հետո, սակայն, ավագանու անդամ չդարձավ, քանի որ երկու անդամներից մեկը կանանց քվոտայով պետք է մանդատ ստանար. Ընտրական օրենսգրքի պահանջն է։ Այվազյանից հետո 4 անդամներ ինքնաբացարկ հայտնեցին ու նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, ավագանի գնաց։ Կինը մանդատ ստացավ, իսկ ամուսինը, որ դեռևս «Ապրելու երկրի» ընտրական ցուցակում է, համայնքապետարանում՝ պաշտոն։
Արմեն Այվազյանն արդեն երկու տարի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինն է ղեկավարում։ Նրա ձեռքի տակով են անցնում հարկերն ու մյուս եկամուտները։ Կես տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին Այվազյանի ղեկավարած բաժինը։ «Ազատությանն» այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ իրավապահների կասկածները վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Այսօր՝ կես տարի անց, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ դեռ չկան։
Երեկվա գրառման մեջ համայնքապետարանի պաշտոնյայի կինը՝ ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Հովսեփյանը շեշտել է՝ մանդատը խնդիրներ է ստեղծում իր ընտանիքի համար, բայց էլի ոչ մի հստակ օրինակ չի ներկայացրել։
«Ստանալով ավագանու մանդատ՝ փորձել եմ անել ամեն ինչ քաղաքի զարգացմանը նպաստելու համար, նիստեր կայացնելով՝ նպաստել եմ քաղաքում մեծածավալ աշխատանքների իրականացմանը: Արդյունքում ստացել եմ բազմաթիվ խնդիրներ իմ ընտանիքի անդամների համար, ավագանու մանդատի անհամատեղելիության պատճառով՝ մնացել եմ առանց աշխատանք», - նշել է նա:
Ի՞նչ է նշանակում ավագանու ընդդիմադիր անդամի այս գրառումը
Ի՞նչ է նշանակում ավագանու ընդդիմադիր անդամի այս գրառումը։ Արդյո՞ք նիստերը բոյկոտելու կամ մանդատը վայր դնելու մասին կլինի նրա հայտարարությունը։
Վանաձորում ավելի քան երկու տարի է ժամանակավոր կառավարում է և դատական երկար գործընթացներից հետո միգուցե ավագանին ի վերջո համայնքի ղեկավար ընտրի։ Լիլիթ Հովսեփյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Ասաց՝ դեռ քննարկում է։ Ո՞ւմ հետ, ի՞նչ, արդյո՞ք քաղաքական առևտուր է գնում Վանաձորում առաջիկա հնարավոր ընտրություններից առաջ։ Ավագանու անդամ Լիլիթ Հովսեփյանը հրաժարվում է բացահայտել՝ ինչ նպատակով է արել չպարզաբանված այս գրառումը։
Վանաձորում ի տարբերություն մյուս ընդդիմադիր խմբակցությունների, «Ապրելու երկրի» երկու անդամները, իշխանության նախաձեռնությունները չեն բոյկոտում։ Նշում են, թե դա անում են համայնքում տեղի ունեցող աշխատանքներին նպաստելու համար։ Անդամներից մեկի ամուսինը համայնքապետարանում պաշտոն ունի, մյուս անդամը՝ խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը, որ «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածուն էր, կաթնամթերքի արտադրության բիզնես ունի Վանաձորում։ «Ազատությանն» ասել է՝ ներկայանում են միայն համայնքի հարցերով նիստերին, եթե համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպեն, չեն գնա։ Առանց «Ապրելու երկրի» երկու ձայնի ավագանին անհրաժեշտ թվով անդամներ չի ունենա նիստեր գումարելու համար։
Այսօր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասաց՝ տեղյակ չէ՝ իր թիմակիցը՝ Լիլիթ Հովսեփյանն ինչ մտադրություններ ունի։ «Ապրելու երկրի» 27 հոգանոց ընտրական ցուցակի մեծ մասը, այդ թվում՝ բոլոր կանայք, ինքնաբացարկ են հայտնել։ Ուստի նրա մանդատից հրաժարվելու դեպքում հերթն իր ամուսնուն՝ համայնքապետարանում պաշտոն ունեցող Արմեն Այվազյանին է անցնում։
Դեռ մեկ տարի առաջ փորձագետներն սպառված էին համարում Վանաձորի ավագանու նկատմամբ արգելանքը երկարաձգելու դատարանների բոլոր հնարավորությունները։