Ի՞նչ վատ սկիզբ կլինի, եթե նաև Թրամփի աջակցությամբ խաղաղության պայմանագիր ստորագրվի. Ալեքսանյան

Պետք է ավելի մեծ ջանք գործադրել, որպեսզի «կարողանանք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ էլ ավելի բարձր մակարդակի հասցնենք, շարունակենք ռազմավարական գործընկերության մասին մեր երկխոսությունը», «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա չի կարծում, որ այդ առումով Դոնալդ Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում խոչընդոտ է կամ առհասարակ խանգարող հանգամանք. «Իմ տպավորությամբ՝ հաշվի առնելով նաև վերջին Թրամփի հայտարարությունները կապված Հայաստանի, հայերի հետ, հիմնական գործոնը պետք է ընկալել երկու սուվերեն պետությունների միջև հարաբերությունները արտաքին քաղաքական»։

Դիտարկմանը, որ Դոնալդ Թրամփնն առաջին անգամ չէ Սպիտակ տանը, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը նրա օրոք է տեղի ունեցել, ամերիկյան վարչակազմն այն չի կանգնեցրել, և հետևաբար, որ հիմա Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանը կարող է նոր էսկալացիայի գնալ, մարդիկ մտավախություն ունեն, որ նույն փորձը կկրկնվի, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. - «Ակնհայտորեն չափազանց տարբեր երևույթներ են. նախ 44-օրյա պատերազմը իր բնույթով, թե կոնկրետ որ տարածքներում էր այդ պատերազմը տեղի ունենում, և Հայաստանի սուվերեն տարածքի վրա հավանական հարձակումը, որպես այդպիսին, դրանք չափազանց տարբեր երևույթներ են, և այս կոնտեքստով այդ տարբերությունը պետք է գիտակցել, մյուս կողմից էլ այդ ժամանակաշրջանում նաև Հայաստանի աշխարհաքաղաքական հստակ դիրքավորումը շատ ավելի տարբեր էր նաև ներկայիս Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումից»։

«Ի՞նչ վատ սկիզբ կլինի, մեկնարկ կլինի նրա աջակցությամբ, օրինակ, որպեսզի նա ևս փորձի ներազդել գործընթացների վրա, և նաև նրա աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի», - հավելեց պատգամավորը։

ԱՄՆ նախագահի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ թեկնածուները նախընտրական շրջանում անդրադարձել էին հայկական խնդիրներին: Հարիսը խոսել էր արցախահայերի վերադարձի իրավունքից, Թրամփը խոստացել էր նախագահ դառնալու դեպքում պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, ու վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատրաստվում դա անել:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ամերիկայի ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը՝ Հայ դատի հանձնախումբը որևէ թեկնածուի սատարելու կոչ չէր արել:

«Ազատության» հարցին, թե էթնիկ զտումը դադարեցնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը դրական ազդա՞կ է համարում, հաշվի առնելով նաև, որ Երևանը նման օրակարգ չի բարձրացնում, իշխանական պատգամավորն ասաց. - «Արցախցիների վերադարձի օրակարգ մենք չենք բարձրաձայնում, որովհետև մենք այս պահի դրությամբ գերկենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, ու մեր կարծիքով՝ կայուն ու հարատև խաղաղությունը հնարավորություն կտա լուծել բոլոր հարակից խնդիրներն առանց բացառության ու լուծել լավագույնս»։

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ խաղաղության պայմանագրի կնքումից, հարատև խաղաղության հաստատումից հետո բոլոր հարակիցները խնդիրները լուծելի են շատ հեշտ և շատ ավելի արագ։