Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը պաշտոնը ստանձնելուց երեք շաբաթ անց հայտնվել է հայաստանյան քաղհասարակության քննադատության թիրախում։ Պատճառը դատական իշխանության երեկվա հաղորդագրությունն է այն մասին, որ Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, նրա հետ քննարկել համագործակցության հեռանկարները, կարևորել հայաստանցի դատավորների կրթությունը Ռուսաստանի արդարադատության ակադեմիայում։
«Ի՞նչ պետք է սովորեն Հայաստանի դատավորները, առանց այդ էլ բավական մարդու իրավունքների նկատմամբ ոչ զգայուն դատական համակարգն այսօր ամենախնդրային հանգույցն է», - ասաց Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Բարձրագույն դատական խորհրդից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ դեսպանի հետ հանդիպումը բոլոր բարեկամ և գործընկերային երկրների հետ հերթական արարողակարգային հանդիպումն էր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի արդարադատության ակադեմիայում ԱՊՀ երկրների դատավորների վերապատրաստումներին, ապա այն բխում է այդ երկրների գերագույն դատարանների նախագահների խորհրդի օրակարգից, որի անդամ է նաև Հայաստանն ի դեմս Վճռաբեկ դատարանի, որը ԱՊՀ անդամ երկրի գերագույն դատարան է համարվում։
Իրավապաշտպանների կողմից քննադատվող Աթաբեկյանն այս պաշտոնին ընտրվեց երկրորդ փորձից հետո։ Իշխանության թեկնածուն համարվող արդեն նախկին դատավորն առաջին անգամ բավարար ձայներ չէր ստացել, իսկ երկրորդ անգամ միակ թեկնածուն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԲԴԽ նախկին նախագահը նորին խորհուրդ է տալիս SMS ստանալու դեպքում կատարել խնդրանքըԲԴԽ նախագահ ընտրվեց Արթուր ԱթաբեկյանըԻրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է, թե ինչից հետո Աթաբեկյանը հայտնվեց այս պաշտոնում։ Նրա նախորդը՝ Կարեն Անդրեասյանը մեկ ամիս առաջ ստացել էր պաշտոնը թողնելու մասին վարչապետի SMS-ն ու հրաժարականի դիմում գրել։
«Իմ անունն են չէ՞ տալու, բա ես էդ պատասխանատվությունը ո՞նց կրեմ: Եթե նույնիսկ չխնդրեմ, բա ի՞նչ անեմ: Էն, որ նույնիսկ գործերը տարիներով ձգվում են, էն, որ գործերով կայացնում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում ու զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամեն ինչն ինձ հետ համաձայնեցված չէ», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Անկախ դատական համակարգի գործերին միջամտելու համար վարչապետին քննադատած իրավապաշտպանի կարծիքով, ռուսական դատական համակարգի հետ սերտանալ ցանկացող Աթաբեկյանն այս քայլով ցույց է տալիս, որ ամբողջությամբ կիսում է Ռուսաստանի իրավապահ և դատական համակարգի արժեհամակարգը։ Ավելին՝ ցանկացած դեպքում կարող է գործել այդ մեթոդներով, իսկ նախանշաններն արդեն իսկ երևում են։
«Այս ծիրում կարելի է դիտարկել նաև վարչապետի կողմից SMS-ներով դատական համակարգն ուղղորդելու, նաև որոշակի ցանկալի արդյունքների հասնելու մեթոդաբանությունը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը հարցնում է՝ ի՞նչ էր ուզում ասել Աթաբեկյանը, երբ հայտարարում էր ռուսական դատական համակարգի հետ համագործակցելու մասին. - «Ռուսաստանի Դաշնությունն այն երկիրն է, որտեղ բազմաթիվ են քաղաքական դատավարությունները: Այսինքն՝ համակարգն այնպիսին է, որ մարդու իրավունքները տոտալ կերպով խախտում են. ներքաղաքական ազատությունները, հայացքների ազատությունները: Այդ թվում նաև դատական համակարգը կոռումպացված է, սերտաճած է տարբեր համակարգերի հետ, ուստի այդ դատական համակարգից որևէ գիտելիք ստանալ և լավագույն փորձ փոխառելը, կարծում եմ, անհնարին է»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձում է Բարձրագույն դատական խորհրդին, թե Հայաստանն ԱՊՀ երկրների գերագույն դատարանների նախագահների խորհրդի անդամ է, իսկ դատավորների վերապատրաստումը դրա շրջանակում է:
«Հարց է ծագում, թե ԲԴԽ-ն իրապե՞ս հիմա դատական իշխանության երաշխավոր է հանդես գալիս, թե՞ կախվածությունն է երաշխավորելու, որի նպատակով միայն կարող է իր դատավորները վերապատրաստվեն: Այդ արարողակարգն արդյոք կարող է այդ բովանդակային արմատական տարբերությունը հաշվի չառնի և ինչո՞ւ պետք է տուրք տալ արարողակարգին, ոչ թե արժեքային հիմքին», - նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, այս օրինակը մեկ անգամ ևս փաստում է, որ դատական համակարգը անկախ չէ. - «Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն և պարտավորություններն արդար դատաքննության ապահովման համար, դատական իշխանության անկախության համար դեռևս մնում են Հայաստանի օրակարգում»:
Սաքունցը հիշեցնում է՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում միակն է, որ Եվրոպայի խորհրդի անդամ է և մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորություններ ունի, իսկ Ռուսաստանը մարդու իրավունքները ոտնահարելու համար հեռացված է Եվրոպայի խորհրդից։ Ինչպե՞ս կարող են համագործակցել բռնապետական այս ռեժիմի հետ ու դատավորներին էլ վերապատրաստել։
Your browser doesn’t support HTML5