Անցած շաբաթվա ձախողումից հետո Արթուր Աթաբեկյանին հաջողվել է հավաքել անհրաժեշտ 7 ձայներն ու ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ։
Ընդամենը 5 օր առաջ այս պաշտոնի համար Աթաբեկյանից բացի առաջադրվել էին նաև մնացած 4 դատավոր անդամները։ Ոչ մեկը, սակայն, բավարար ձայն չէր ստացել, անգամ լրացուցիչ քվեարկությունն էր տապալվել: Երեկ արդեն միակ թեկնածուն հենց Աթաբեկյանն էր, որի օգտին էլ կողմ են քվեարկել բոլոր անդամները։
Ինչո՞ւ երեկվա քվեարկությանը մյուս դատավորները չեն առաջադրվել և որոշել են իրենց ձայնը տալ հենց Աթաբեկյանին, արդյոք նրանց վրա ճնշումնե՞ր են եղել, հստակ չէ։
«Չէի ուզենա, որ հաշվի առնեին, որ Արթուր Աթաբեկյանն ունի Իջևանի ծագում, ես չէի ուզենա, որպեսզի այդ քվեարկողները հաշվի առնեին, որ իշխանությունների հետ ունի լավ հարաբերություններ, կուզենայի, որ ընտրությունները կատարած լինեն իրական արժեքները կամ անձնային հատկանիշները հաշվի առնելով», - ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Զբաղվածությունը պատճառաբանելով՝ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Աթաբեկյանը մեկուկես տարի առաջ է դատավորների ժողովի կողմից ընտրվել ԲԴԽ դատավոր-անդամ։ 6 տարի Լոռու մարզի դատավոր է եղել, 4 տարի՝ սնանկության դատարանի, հետո էլ՝ ևս երկու տարի նույն դատարանի նախագահ։ Այս տարվա փետրվարից վճռաբեկ դատարանի դատավոր է։
Մամուլն օրեր շարունակ գրում է, որ իշխանությունների նախընտրելի թեկնածուն հենց Աթաբեկյանն էր։ Իշխանական թիմից չեն շտապել հերքել այս պնդումները։ Աթաբեկյանը ՔՊ-ական տավուշցի պատգամավորներից մեկի ազգականն է։
Ճնշո՞ւմ, թե՞ իրական ընտրություն
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը 2012 թվականից դատավորի պաշտոն զբաղեցնող Աթաբեկյանին պրոֆեսիոնալ է համարում։ Ճնշո՞ւմ, թե՞ իրական ընտրություն. նախկին դատավորը չի շտապում եզրահանգումներ անել. - «Դա բանակցություններ է, թե ճնշում, թե ողջամիտ կոնսեսուս, թե հանցավոր պայմանավորվածություն, այս պահին շատ դժվար է ասել, քանի որ ներսից տեղեկություն չունենք»։
Արդյոք Աթաբեկյանը կղեկավարի՞ որպես գործադիրից անկախ դատական համակարգի պաշտոնյա, թե՞ նրան էլ հնարավոր կլինի պաշտոնից հեռացնել վարչապետի մեկ SMS-ով, ինչպես եղավ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի դեպքում։
Բարձրագույն դատական խորհուրդը 3 տարի ղեկավարած Վարդազարյանը հիշեցնում է իր հեռանալն այդ պաշտոնից։ SMS չէր ստացել, բայց այդ ժամանակ ԲԴԽ կազմում ընդգրկված իշխանության մերձավոր Գագիկ Ջհանգիրյանն էր առաջարկել ինքնակամ թողնել պաշտոնը՝ խոստանալով, որ «հեռանալու դիմաց քրեական գործեր չեն հարուցվի»։ Վարդազարյանից հետո հենց Ջհանգիրյանն էր ընտրվել այդ կառույցի ղեկավար։
Վարդազարյանը խորհուրդ է տալիս Աթաբեկյանին SMS ստանալու դեպքում կատարել այդ հորդոր-խնդրանքը, որ իր պես չդառնա ամբաստանյալ։ Նա մեղադրվում է դատավորներից մեկի գործունեությանը միջամտելու համար։
«Ես ստացել եմ նման խնդրանք, հորդոր, պահանջ ու չեմ կատարել, արդյունքում այսօր ես ունեմ ամբաստանյալի կարգավիճակ, դատվում եմ քրեական գործով, լիազորություններս դադարեցված են ապօրինի որոշմամբ», - ասաց նա:
Ընդդիմադիրներն ու մի շարք իրավաբաններ քննադատում են վարչապետի այս միջամտությունը գործադիրից անկախ դատական համակարգի գործունեությանը։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում բացատրել էր, թե ինչու էր հորդորել գործադիրից անկախ դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյային թողնել պաշտոնը։ Պնդել էր, թե կան բողոքներ դատավարությունները ձգձգելու, անարդար որոշումների վերաբերյալ, ու մարդիկ առաջին հերթին իրեն են պատասխանատու համարում։
Բարձրագույն դատական խորհուրդն այժմ 7՝ 5 դատավոր, 2 գիտնական անդամ ունի։ Այս կառույցում հիմա երեք թափուր 3 տեղ կա։ Մեկի թեկնածուն արդեն հայտնի է՝ իշխանական կուսակցության անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Իրավապաշտպաններն արդեն կասկածի տակ են դրել կուսակցականի անաչառությունն ու կոչ արել իշխանությանը հետ կանչել նրա թեկնածությունը։