Ի՞նչ ճակատագրի կարժանանա բուհը, եթե չունենա 4000 ուսանող

Ի՞նչ ճակատագրի կարժանանա բուհը, եթե 4000 ուսանող չունենա։ Խաղի այս նոր կանոնները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն է սահմանել։ Շրջանառության մեջ դրված օրինագիծը խորհրդարանի հավանությանն արժանանալու դեպքում կզրկի այդպիսի բուհերին լիցենզիայից։

Ի՞նչ կլինի հետո՝ բուհերը կփակվե՞ն։

Մայրաքաղաքի բուհերի մեծ մասը դեռ զգուշավոր մտահոգությամբ է վերաբերվում Կրթության նախարարության առաջարկած այս թվաբանական խնդրին։ Խորը շունչ քաշելու հնարավորություն բոլորը չէ, որ ունեն. ամենախոցելի վիճակում արվեստի բուհերն են՝ Գեղարվեստի ակադեմիան, Կինոյի և թատրոնի ինստիտուտն ու Կոնսերվատորիան անգամ միասին այդ սահմանային շեմը հաղթահարել չեն կարող։

«Այդ թիվը շատ վերացական է, չգիտեմ՝ ում ֆանտազիայի արդյունքում է ձևավորվել»

«Հազարը չի անցնում, այո, շատ տրամաբանական պատճառով, որովհետև բուհն ունի պրոֆեսիոնալիզմի իր պահանջները, որովհետև եթե մենք չունենանք էն բազան դիմորդի մոտ, չենք կարողանա իրեն ապահովել մեր կրթական ծրագրի վերջնարդյունքները: Իհարկե, այդ թիվը շատ վերացական է, չգիտեմ՝ ում ֆանտազիայի արդյունքում է ձևավորվել», - ասաց Կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը պնդում է՝ չի կարելի բոլոր բուհերը նույն հարթության վրա դնել. -«Յուրաքանչյուր բուհ, առավել ևս արվեստի բուհերն ունեն առանձնահատկություններ ու եթե օրենքը սկսի գործել, վաղ թե ուշ մենք կգանք մի կետի, որտեղ պետք է ինչ-որ հակասություններ տեսնենք էդ օրենքի մեջ ու ոնց են նորմավորելու այդ ամբողջ պրոցեսները»:

Օրինագծում կա մի նրբություն. բուհին տրվում է հնարավորություն, ժամանակ՝ 3 տարի անընդմեջ լրացնել այդ 4000 տեղերի առնվազն 50 տոկոսը։ Չհաղթհարելու դեպքում այլևս ոչինչ բուհին չի փրկի։

«Բացառություններ պետք է լինեն, հակառակ դեպքում՝ որոշ մասնագիտություններ պարզապես կվերանան»

Վերջին տարիներին ընդամենը մի քանի տասնյակ ուսանող ընդունող Ագրարային համալսարանում այս պահին մոտ 2000 ուսանող է սովորում։ 50 տոկոսը մի կերպ կապահովեն, բայց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ բացառություններ պետք է լինեն, հակառակ դեպքում՝ որոշ կարևոր մասնագիտություններ պարզապես կվերանան։

«Որևէ դեպքում մտածենք անասնաբուժական կրթական ծրագիրը փակելու մասին, նշանակում է հանրապետությունը պիտի զրկվի տվյալ ոլորտի մասնագետից: Բանն այն է, որ այս գործընթացը չի կարող սահուն դիտարկվել ու համարվել, որ դա նորմալ է ընդամենը թվաբանությամբ: Այսինքն՝ հստակություն պետք է մտնի», - նշեց Զաքոյանը:

Կառավարությունը շատ հստակ ասում է, որ սրանով հող են նախապատրաստում բուհերի միավորման համար, ապագան էլ Ակադեմիական քաղաքն է։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից հիշեցրեցին՝ «ներկայումս ընթանում է պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, որի բազմաթիվ նպատակներից է նաև միջգիտկարգային ու հետազոտությունների վրա հենված բարձրագույն կրթության ծառայությունների մատուցումը»:

Իսկ թե ինչ հաշվարկների հիման վրա են եզրահանգել՝ որ բուհը բուհ չի, եթե 4000 ուսանող չունի, կոմիտեն այդ հարցին պատասխան չունի։ 62 բառից բաղկացած մի նախադասությամբ ընդամենը մեջբերում են արել նախագծից:

Տիգրան Սիմոնյանը չի կարծում, թե բուհերի կառուցվածքային փոփոխությունը որակի հետ ուղիղ կապ ունի

Զգուշավոր լավատեսությամբ են օրինագիծն ընթերցել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։

«Մեզ ասում են՝ որակյալ մասնագետներ պատրաստելու համար ձեզ ի՞նչ է պետք, մարդիկ համաձայնվել են, մենք բացատրել ենք, ասել են՝ այո, բավականին շատ բան է պետք: Եթե այդ ակադեմիական քաղաքում այդ ամեն ինչը մեզ տրամադրում են, ինչու՝ ոչ», - նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միջազգային փորձն է օրինակ բերում, որտեղ երկու տարբերակն էլ՝ միավորված, թե առանձին, աշխատում է։ Սիմոնյանը չի կարծում, որ բուհերի կառուցվածքային փոփոխությունը որակի հետ ուղիղ կապ ունի։

ԵՊՀ-ն, Պոլիտեխնիկն ու Մանկավարժականն այսպես ասած կոմֆորտ գոտում են։ Կառավարության առաջարկած թվաբանական խնդիրը լուծում են։

«Նստել ու չգնալ փոփոխությունների, դա էլ ճիշտ չեմ համարում»

6000 ուսանող առնվազն այս պահին արդեն սովորում է Մանկավարժականում։

«Ինչպիսի միավորում էլ լինի, միևնույն է Մանկավարժական բուհը լինելու է, պետության համար ստրատեգիական նշանակություն ունեցող բուհ է», - ասաց պրոռեկտոր Նարիա Սաֆարյանը:

Բուհերի միավորմանը խիստ դեմ էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, որին Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միասին Մանկավարժականի կազմում է տեսնում կառավարությունը. 2 տարի առաջ բրյուսովցիները բողոքեցին, դասադուլ արեցին, սակայն ռեկտորի փոփոխությունից հետո կրքերը հանդարտվեցին:

«Նստել ու չգնալ փոփոխությունների, վախենալով այս կամ այն ցնցումներից, դա էլ ճիշտ չեմ համարում», - նշեց Սաֆարյանը:

Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրի համաձայն՝ մինչև 2030-ը պետք է ստեղծվի 5-8 բուհ։ Իշխանության ձեռնարկած արմատական բարեփոխումների վերջին կանգառն ակադեմիական քաղաքն է, որի գաղափարն ակտիվորեն շրջանառում է հենց երկրի ղեկավարը։

«Որևէ կարծիք չի արհամարհվելու, դա չի նշանակում, որ մենք էս նախագծից հրաժարվելու ենք», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

6 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել կառավարությանը իրագործելու կրթության զարգացման պետական ծրագիրը։ Դեռ փաստաթղթեր, օրինագծեր են լրամշակվում, հայտնի չէ նաև երբ քննարկման կդրվի տարընթերցումների պատճառ դարձած այս օրինագիծը... Այդուհանդերձ կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ կայուն-ծանր է շարունակում մնալ կրթությանը որակը. ըստ փորձագետների՝ ամենավառ ցուցիչներից մեկն ընդունելության քննությունների ցածր արդյունքներն ու աշխատաշուկայում որակյալ մասնագետների պակասն է։