Մատչելիության հղումներ

Առաջիկա 5 տարում ոչ մի բուհ ակադեմիական քաղաք չի տեղափոխվի. ինչից է սկսվելու կառուցումը


Առաջիկա 5 տարում ոչ մի բուհ ակադեմիական քաղաք չի տեղափոխվի, Թոբիաս Քեյլը, որ քաղաքի գլխավոր հատակագիծը մշակող գերմանական ընկերության ներկայացուցիչն է, այսօր պատմեց թե ինչից է սկսվելու քաղաքի կառուցումը:

«Առաջինը հանրային նշանակության շենքերն են, մշակութային կենտրոն, համերգային դահլիճ, հանրային գրադարան», - ներկայացրեց International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլը:

29 թվականին առաջին շենքները կկառուցվեն, իսկ քաղաքը կարող է ամբողջանալ 20-30 տարում։ Թոբիաս Քեյլը շեշտեց՝ սա միայն կրթական կենտրոններով քաղաք չէ, այստեղ ռեստորան էլ կլինի, առևտրի կենտրոն էլ։ Ակադեմիական քաղաքի ստեղծումը կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով է նախատեսված, մինչև այդ ժամկետը 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հեկտար տարածքի վրա որևէ բուհ գործելո՞ւ է՝ հարցրինք կրթության նախարարին:

«Ես այս պահի դրությամբ չեմ կարող ամբողջ ճշգրտությամբ ասել: Մենք աշխատում ենք, որպեսզի օր առաջ բուհերն այդ միջավայրում կարողանան գործել», - պատասխանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մինչև 16 բուհ, 80 հազար ուսանող, տարբեր ուղղություններ՝ արվեստներից մինչև սպայական ու գումարած հանրային շենքեր, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. հատակագծի վերջնական տարբերակում նույնիսկ մայրամուտով հիանալու վայր է նախագծված։ 36-ամյա Հայկ Հակոբյանը, որ ավագ գիտաշխատող է Հնագիտության ինստիտուտում, հավատում է, որ այս ամենը կկառուցվի, ինքը կտեսնի:

«Մեր քաղաքում ամեն քայլափոխի կառուցում են կորակառույցներ 1-2 տարվա մեջ, ինչու չպետք է կարողանան 3-5 տարվա մեջ կառուցել ակադեմիական քաղաք», - ասաց նա:

Հայկ Հակոբյանը վստահ է՝ ակադեմիական ինստիտուտներն ու բուհերը այդ քաղաքում համատեղվեն, միայն օգտակար կլինի, որովհետև ըստ հնագետի՝ գիտությամբ զբաղվող դասավանդողի տված կրթությունն է բարձրորակ։ Այդ քաղաքի գլխին կախված մի վտանգ է տեսնում միայն. - «Անվտանգային խնդիրներ ունեցող երկրում ակադեմիական այդպիսի գերկենտրոնացումը՝ պատերազմի վտանգ ունեցող երկրում»:

Այս մեգանախագծի ընդդիմախոսները ավելի հաճախ բուհերում են, որ դեմ են տեղափոխությանը, այլ կրթական հաստատությունների հետ միավորմանը։ «Տեսնենք ինչ է ստացվելու, սպասենք», - ասում է Բժշկականի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

«Ինձ թվում է ցանկացած մարդուն եթե ասես՝ դու կունենաս, ենթադրենք, շատ լավ կահավորված բնակարան, շատ լավ պայմաններ, սարքավորումներով, ինչո՞ւ դա պետք է չօգնի, չի կարա չօգնի ենթակառուցվածքը, դա նորմալ է, էն էլ էսօրվա գիտատեխնիկական պրոգրեսիվ շրջանակներում դու չես կարա հին սարքավորումով լավ պրոդուկտ տաս: Այսինքն՝ ինքը չի կարա չնպաստի կրթության որակին», - ասաց Ենկոյանը:

Եթե լինի այն, ինչ պատմում են՝ հագեցած լաբորատորիաներ, նորագույն սարքեր՝ բնականաբար կրթության որակ կփոխվի, շեշտում է Ենկոյանը։

Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Գերմանական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլն էր մանրամասն ցուցադրում՝ ինչեր են լինելու։ Կրթական-գիտական մեծ համայնքից նրան լսում էր շուրջ 70 հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG