«2013-ի ավարտին Երևանը շքեղ Կրկես կունենա»․ այս խոստումից 12 տարի անց շենքը դեռ կառուցվում է

Կրկեսի նոր շենքը

«2013 թվականի ավարտին Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան շքեղ Կրկես»․ սա հատված էր «Ազատության» ռեպորտաժից պատրաստված ուղիղ 12 տարի առաջ, երբ «Տաշիր գրուպ»-ի կողմից կրկեսի շենքի ձեռբերումից հետո հայտնել էին, թե երբ կավատեն շինարարությունը։ Այս ռեպոտաժից ամիսներ անց, կրկեսի շենքը հողին հավասարեցվեց։

Your browser doesn’t support HTML5

Պայթեցվեց Երեւանի կրկեսի շենքը


Պարզվեց՝ շենքը պիտանի չէր նորոգման ու պետք էր նորը կառուցել։

2013-ին արդեն հայտարարեցին, որ շինարարության համար 2 տարի է անհրաժերտ, նոր կրկես կկառուցվի մինչև 2015-ը։

Վերջին 9 տարիներին արդեն «Ազատություն»-ը չի հետևել կրկեսի շուրջ զարգացումներին։ Տեղում վեր է խոյացել ապակյա նոր կառույց, որը երեկոյան ժամերին ծառայում է որպես գովազդային մեծ վահանակ, ցերեկը ներսում շինարարություն է։

Շինարարությամբ զբաղվող «Երևանյան կրկես» ընկերությունից «Ազատության»-ը պատմեցին, որ աշխատանքի մեծ մասն արդեն ավարտել են, թույլ տվեցին սահմանափակ թվով կադրեր անել ներսում, բայց ասացին՝ ժամկետների հարցում պատասխան իրավասու է տալ միայն «Տաշիր գրուպ» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանն ասաց, որ «նախագիծը շինարարական ընթացքի մեջ է, այս պահին որևէ նոր ասելիք կամ մեկնաբանություն չունեն»։

«Ազատության»-ն այդպես էլ չհաջողվեց ստանալ հարցի պատասխանը՝ ե՞րբ է ավարտվելու արդեն մոտ 13 տարի ընթացող Երևանի կրկեսի շինարարությունը։

Քաղաքապետարանն իր հերթին հաղորդել է, որ Կրկեսի շինարարության հերթական թույլտվությունն ավարտվում է եկող տարվա փետրվարին։

«Մեր հանդիսատեսն, իհարկե, շատ սպասեց։ Բոլորը սպասում են, մանավանդ որ մեր հանդիսատեսը շատ է սիրում կրկես։ Մի քիչ էլ սպասեք և մենք կունենանք մեր լավ կրկեսը՝ ինչպես մեր դերասանների ուժերով, այնպես էլ կհանդիպենք տարբեր երկրների կրկեսային շոուներ, ատրակցիոններ, տեսարաններ, համարներ», - ասաց մի քանի տասնամյակ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ապա նաև տնօրեն աշխատած Սոս Պետրոսյանը։


Պետրոսյանն էլ հստակ չգիտի՝ երբ կբացվի Կրկեսը, սակայն, վստահ է՝ բացվելուց հետո այն զարմացնելու է բոլորին, լավագույնն է լինելու տարածաշրջանում։

«Կառուցվեց-կառուցվեց, հետո սկսվեց պատերազմը, սկսվեց քովիդը և այլն։ Բայց հիմա արդեն, ինչպես ռուսն է ասում՝ дальше некуда։ Արդեն կրկեսը շուտով․․․ թե երբ, ես չեմ կարող ասել, ինչ ծրագրով, ես չեմ կարող ասել, դա թող լինի անակնկալ, մեծ աշխատանքներ են գնում, որպեսզի վերջապես մենք ունենք ոչ միայն տարածաշրջանում լավ կրկես, այլ ամբողջ աշխարհում լավագույն կրկեսներից մեկը», - ասաց Պետրոսյանը։

Հիմա նա ղեկավարում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնը, որտեղ երեխաներ ու պատանիներ են պարապում։ «Ձեռքներս ծալած չենք նստել», - ասաց Պետրոսյանը։

Այնումանեյանիվ, Կրկեսը թատրոնների նման մշտական դերասանական խումբ չունի, նախկինում Երևանում հանդես եկած արտիսներն էլ ցրվել են աշխահով մեկ, բայց, Պետրոսյանի կարծիքով, դա խնդիր չէ, կգան Երևան ելույթներ կունենան ու կգնան։

Եթե մի օր Երևանի կրկեսն ի վերջո բացվի, այն նախկինից կտարբերվի ոչ միայն նոր շենքով, այլև կենդանիների բացակայությամբ․ վերջին տասնամյակում կենդանիների իրավունքների պաշտպանությունն ավելի կարևոր է դարձել ու աշխարհի լավագույն կրկեսները հրաժարվել են կենդանիներով համարներից։

Նոր շենքում կենդանիների համար նախատեսված հատված չկա։