Հյուսիսային Կորեայի զորքերը ուկրաինական պատերազմում մի քանի հարյուր զոհ ու վիրավոր ունեն, փակ ճեպազրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, նշելով, որ ուկրաինական ուժերը գրոհել են այն հրամանատարական կետերի և դիրքերի վրա, որտեղ տեղակայված են հյուսիսկորեական զորքերը, գրում են The New York Times-ը և Associated Press-ը։
Բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ պատերազմին մասնակցող հյուսիսկորեացի զինվորականները բավականաչափ փորձառու չեն, ինչը մեծացնում է կորուստների թիվը։
Երկուշաբթի օրը Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն առաջին անգամ հաստատեց Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցող հյուսիսկորեական զորքերի կորուստները Կուրսկի մարտերում՝ առանց հստակեցնելու թիվը։ Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Պլեխովո գյուղը ռուսական ռազմական ուժերը վերցրել են հյուսիսկորեացիների օգնությամբ։
Ուկրաինական Տելեգրամ ալիքներն իրենց հերթին տեսանյութեր հրապարակեցին, որտեղ երևում են մի քանի տասնյակ զոհվածներ, ենթադրաբար նաև հյուսիսկորեացիներ։