Հյուսիսկորեական զորքերի Ռուսաստանին միանալու լուրերի ֆոնին՝ Ռուդենկոն Չինաստան է այցելում. Reuters

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը։

Պարզ չէ, թե ինչու է Ռուդենկոն Պեկինում, և որն է եղել չինացի պաշտոնյաների հետ նրա զրույցի թեման։

Reuters-ը շեշտում է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, կարծես, նոր ընթացք է ստանում՝ ՆԱՏՕ-ն, Հարավային Կորեան ահազանգում են, որ հյուսիսկորեական զորքերը շուտով կարող են միանալ Մոսկվային:

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ավելի վաղ Ռուսաստանում էր՝ BRICS խմբի հանդիպմանը:

«Այս այցն ու համատեղ զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ընդգծում են Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը միջազգային հարթակում», - նշված էր Պեկինի հայտարարության մեջ:

Անդրեյ Ռուդենկոն մասնակցել է Հյուսիսային Կորեայի հետ Ռուսաստանի կապերի զարգացմանը այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Մոսկվան սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա: Նա նաև պատերազմի սկզբում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության անդամ էր։

Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելուց երկու ամիս առաջ Ռուդենկոն ասել էր, որ հետխորհրդային տարածքի երկրները միշտ կլինեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների թվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոն. Հյուսիսային Կորեայի փոքրաթիվ զորքեր գտնվում են Կուրսկում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեուլը Մոսկվայից պահանջում է անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին ՌԴ-ից