Հրաժարականներից հետո Անդրեասյանի ու Մինասյանի ունեցվածքների օրինականությունը՝ իրավապահների թիրախո՞ւմ

Գլխավոր դատախազությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, թե արդյոք իրավապահներն ուսումնասիրություն են սկսել` պարզելու՝ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն ու արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանն իրենց ունեցվածքը օրինակա՞ն են ձեռք բերել։ Դատախազությունից փոխարենը հերքում են «168 ժամ»-ի հրապարակումը, թե այս երկու նախկին պաշտոնյաների վերաբերյալ հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, որը հետո «ինչ-որ հրաշքով հետ է վերցրել»:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- փոխանցեցին Գլխավոր դատախազությունից և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել։

Մինասյանն ու Անդրեասյանը հրաժարական տվեցին մի քանի շաբաթվա տարբերությամբ։ Որ գործադիրից անկախ դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյային էլ է խնդրել հեռանալ, հաստատեց ինքը՝ Փաշինյանը, օրերս Հանրայինին տված հարցազրույցում։ Պնդել էր՝ դա արել էր անկախ դատական համակարգ ունենալու ցանկությունից դրդված։ Ասել էր՝ շատ դատական գործեր են ձգձգվում, դատավորները կայացնում են որոշումներ, որոնց մեջ հանրությունը հենց իր մեղքն է տեսնում։

«Այդ հորդորը, հորդորին հետևելն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նախ ինքը անկախ չէ որպես դատավոր, ԲԴԽ նախագահ, և երկրորդը՝ ինքը չի կարող պատշաճ կարգով ղեկավարել այդ անկախությունը երաշխավորող մարմնի գործունեությունը», - «Ազատությանն» ասաց Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման օրոք շուրջ մեկ տարի ԲԴԽ անդամ եղած Արշակ Վարդանյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը. սահմանադրագետ

Նրա կարծիքով՝ կառույցի նախագահի հրաժարականը ցուցիչ է, թե դատական իշխանությունը որքանով է կախյալ գործադիրից։ Դատավորների միության անդամը հիշեցրեց, որ Անդրեասյանը մինչև ԲԴԽ-ն ղեկավարելը վարչապետի կուսակիցն ու ենթական էր, երբ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։

«Եկել էր, որ այդ 40 դատավորներից ազատի դատական համակարգը։ Թե ովքեր են դուրս մնացել համակարգից, մեծամասամբ նրանք, որոնց աշխատելը դատական համակարգում պատիվ կհամարեր ցանկացած պետություն», - հավելեց Արշակ Վարդանյանը։

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է օրեր շարունակ հնչող քննադատությանն ու պնդում՝ Կարեն Անդրեասյանին վարչապետի ուղարկած հաղորդագրությունը միջամտություն չէ դատական համակարգին. - «ԲԴԽ-ն կարող էր և պետք է անդրադառնար, նման անդրադարձ չեմ տեսել։ Որևիցե պաշտոնյա չի անդրադարձել որևէ ճնշման»։

Դատավորների միությունում, սակայն, սա համարում են անթույլատրելի միջամտություն։ Ներկա ու նախկին դատավորներին համախմբած այս կառույցը նաև համարում է, որ Անդրեասյանը անցած երկու տարում կարգապահական վարույթներով դատավորներին ահաբեկել, ճնշել ու նրանց անկախությունն է սահմանափակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են հրաժարական ներկայացրած պաշտոնյաները և ինչ ճանապարհ անցան Փաշինյանի օրոք

Հրաժեշտի իր տեքստում Անդրեասյանը, մինչդեռ, գրել էր, որ դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից, և որ «ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման)»: Առանց որևէ բացատրության հրաժարական տված Կարեն Անդրեասյանը պաշտոնանկությունից հետո լուռ է, հայտնի չէ՝ երկրում է, թե՝ չէ։ Անդրեասյանի հետ այսօր կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։