Հանրային հեռարձակողի խորհուրդը բաց տեքստով հայտարարում է՝ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օրոք Հանրային ռադիոյի լրագրողների աշխատանքում խնդիրներ է տեսել և 3 տարի առաջ ուղիղ առաջարկել է կադրային փոփոխություններ անել։
Կարգավորող մարմնի սրտով չեն եղել լրատվական թողարկումներում կառավարության գործունեության ու քաղաքական թեմաների լուսաբանումը, սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժները, նաև՝ սոցցանցերում լրագրողների գրառումները։
Հանրային ռադիոյի նոր ղեկավարի ընտրությունից հետո նախկին տնօրեն Խումարյանը հայտարարեց՝ 2021-ին կարգավորող մարմնից «անպարկեշտ առաջարկ» է ստացել, մերժել են, ինչից հետո էլ սկսվել են խորհրդի հետ խնդիրները։ Խորհրդի արձագանքը չուշացավ. կարգավորող մարմինը հրապարակեց Խումարյանին ուղարկված ամբողջ փաստաթուղթը։
2021-ին խորհուրդն, օրինակ, պնդել է սահմանամերձ բնակավայրերից լրագրողների նյութերը խուճապի և անկառավարելիության տրամադրություններ են ստեղծում, ընդ որում, եթե անգամ դրանք օբյեկտիվ են։ Նյութերն, ըստ կարգավորող մարմնի, արհեստականորեն սրել են ներքաղաքական իրավիճակը, խաթարել հասարակական կայունությունն ու թուլացրել սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։ Խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անձամբ է այս նամակը Խումարյանին ուղարկել՝ առաջարկելով տասնօրյա ժամկետում կադրային փոփոխություններ անել։
Հրապարակված տեքստը գրաքննության փորձի ապացույց է. պնդում է վարչապետին քննադատելուց հետո ընտրություններում 0 ձայն ստացած Գարեգին Խումարյանը։
«Միանշանակ գրաքննություն մտցնելու փորձ է, մենք այն այդպես էլ ընկալել ենք, երբ էդ փաստաթուղթն առաջին անգամ ստացա, էստեղ երկու կարծիք լինել չի կարող, գրաքննությունը պոզով և պոչով չի լինում, լինում է մոտավորապես այնպես, ինչպես տեսաք», - ասաց Խումարյանը։
Իր հրապարակած պարզաբանման տեքստում ճնշումներ բառը Խորհուրդը չակերտների մեջ է առել՝ ըստ էության հասկացնել տալով, թե նման գրություն ուղարկելն ու կադրային փոփոխություններ առաջարկելը բնականոն երևույթ է։
Խումարյանը կարծում է՝ այս պատմությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստանում խոսքի ազատության միջազգային վարկանիշների վրա։
«Փաստաթուղթը 0-ական ազդեցություն է ունեցել Հանրային ռադիոընկերության աշխատանքի վրա, որևէ մեկն այդ փաստաթղթի գոյությունից որևէ կերպ չի տուժել, իսկ ռադիոն իր ծրագրային քաղաքականությունը շարունակելու է այնպես, ինչպես կա», - նշեց Հանրային ռադիոյի նախկին տնօրենը։
Ինչո՞ւ է Խումարյանը միայն հիմա, ընտրական գործընթացից հետո բարձրաձայնում ճնշումների փորձերի մասին։ Ինչո՞ւ այն ժամանակ չի ահազանգել։ Այս փաստը նաև կարգավորող մարմինն է մատնանշել․ - «Ցավալի է, որ «ճնշումների» և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում»։
Նախկին տնօրենի խոսքով՝ ինքն այս նամակը ստացել է այնպիսի եղանակով, որ բարձրաձայնելու դեպքում գուցե չկարողանար ապացուցել. - «Ինձ ուղարկվել է էլեկտրոնային նամակին կցված Word դակումենտի տեսքով, այսինքն, երբ ես սկսեի բարձրաձայնել, բացառված չէր լինի, որ այնտեղից ուղղակի կասեին՝ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի», - ասաց Խումարյանը։
Նոր ղեկավարի ընտրություններից հետո Հանրային ռադիոյի վերաբերյալ մեկ այլ աղմկահարույց որոշում է կայացվել։ Հաղորդացանկում չի ընդգրկվել «Ստատուս քվո» հաղորդաշարը։ Հաղորդման հեղինակ Գևորգ Մելիքյանը, Խորհրդի բնորոշմամբ, էթիկայի բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, զրուցակիցներին ընդհատել է, հյուրին հավասար խոսել։
Տեղյակ չե՞ն Խորհրդի անդամները լրագրության ժանրերին, օրինակ, հարդթոքին, երբ հաղորդավարն ամենասուր հարցերն է տալիս, ընդհատում ու դիտարկումներ է անում, պարզ չէ։
Հայաստանի կարգավորող մարմնի հարցազրույցի նախընտրելի ձևը սա է. - «Հեղինակը պետք է զրույցը կառուցի կարճ ձևակերպած հարցերով, միջամտությունները կարճ, չպարտադրվող դիտարկումների ձևով լինեն, եթերաժամանակի հիմնական մասը պետք է տրամադրվի հյուրի խոսքին»։
Նույն այս մարմինը՝ ամիսներ առաջ Հանրային ռադիոյին վարչապետ Փաշինյանի տված հարցազրույցից հետո պնդել էր, թե ամբողջ աշխարհում երկրի ղեկավարի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ։ Խորհրդի ու Խումարյանի հակասությունները հանրային դարձան հենց սրանից հետո։
Խումարյանն իր ղեկավարած լրատվամիջոցի կայքում խմբագրականով ներողություն խնդրեց ունկնդիրներից։ Խորհուրդն անմիջապես արձագանքեց այս հրապարակմանը՝ պնդելով, թե տնօրենը առևերույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Բանը հասավ անկախ դիտորդներին՝ լրագրողական կազմակերպությունները եզրակացրին՝ Խումարյանի հոդվածում էթիկայի նորմերի խախտում չկա:
Հայաստանյան լրագրողական կազմակերպություններն առայժմ չեն անդրադարձել Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հանրային ռադիոյի նախկին տնօրենի այս նոր առճակատմանը։