Հովիկ Աղազարյանը կանչվել է ՔՊ վերստուգող հանձնաժողով Քյարամյանի հետ միջադեպի առնչությամբ

«Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ, էդ կարգապահական վարույթների արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ». - վարչապետի՝ երեկվա այս հայտարարությունից հետո Կառավարությունը մինչև հիմա չի մանրամասնում, թե այդ ինչ կարգապահական վարույթ է ընթանում Քննչական կոմիտեի նախագահի նկատմամբ։

Իսկ վարույթներ հարուցվել են անցած շաբաթվա խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վեճի առիթով։

Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել. - «Ձեր թաղը չի ստեղ, ստեղ Ազգային ժողով ա»:

«Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի», - ասել էր Քյարամյանը։

Չնայած ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի համառ հարցերին, վարչապետը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այլ մանրամասներ չհայտնեց:

«Արգիշտի Քյարամյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել», - հարցրեց Խամոյանը:

«Կան ընթացակարգեր, որտեղ պետական՝ պետական, որտեղ կուսակցական՝ կուսակցական, և էդ ընթացակարգերը կաշխատեն», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Ընթացակարգերն, ըստ էության, հենց վարչապետի նշած վարույթներն են։ Քննչական կոմիտեն լուռ է, այդպես էլ չի բացահայտում՝ արդյո՞ք իր ղեկավարի դեմ կառույցի ներսում քննություն ընթանում է։

Կարգապահական տույժը այս կառույցի դեպքում զգուշացումից մինչև պաշտոնից ազատումն է, որում Քննչական կոմիտեի ղեկավարի դեպքում նշանակում է Կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ։

Իսկ խախտումը որոշվում է կարգապահական հանձնաժողովի վարույթի արդյունքում։

Որպեսզի վարույթ հարուցվի, Քննչական կոմիտեում գործող կարգապահական հանձնաժողովը պետք է միջնորդություն ստանա կամ Քննչականի ղեկավարի, կամ տեղակալի, կամ էլ այդ հանձնաժողովի որևէ անդամից կողմից։ Ստացում է, որ Քյարամյանի դեպքում միջնորդություն կարող է ներկայացնել նրա ստորադասը։ Նման պրակտիկա, սակայն, երբ ուժային կառույցի ղեկավարի վարքագիծը քննելու միջնորդություն ներկայացնի նրա ստորադասը, մասնագետները չեն հիշում։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում վարույթը հայտնի է, այն հարուցվել է իշխող քաղաքական կուսակցությունում։ Աղազարյանը դեռ անցած շաբաթ կանչվել է կուսակցության վերահսկող հանձնաժողով։

«Կանոնադրությամբ հաստատված հանձնաժողով է, որը զբաղվում է նմանատիպ, ընդհանրապես, կարգապահական հարցերով, կամ կանոնադրության մեկնաբանությամբ, և այլն, և այլն, և իր այդ քննարկումների արդյունքում առաջարկությունով հանդես է գալիս վարչության առաջ: Էդ դրվագով հրավիրել են, և որոշակի պարզաբանումներ եմ ես տվել», - նշեց իշխանական պատգամավորը:

Աղազարյանն այսօր «Ազատությանն» ասաց, թե կուսակիցներին ներկայացրել է Քննչականի ղեկավարի՝ իր խոսքով անընդունելի պահվածքը, նաև հավելել՝ ինքն անձամբ չի լսել, որ Քյարամյանի ուղղությամբ պատգամավորներից մեկը վիրավորական ռեպլիկ է հնչեցրել, ինչից հետո էլ խորհրդարանում մթնոլորտը կտրուկ լարվեց. - «Ես չգիտեմ ով է ռեպլիկ արել, ես չգիտեմ ռեպլիկի բովանդակությունը, ուղղակի իմ համար անընդունելի էր պարոն Քյարամյանի՛ արձագանքը ցանկացած նույնիսկ ռեպլիկի դեպքում: Հասկանալի է, ասենք՝ եթե վիրավորական բառ է հնչել, ես հասկանում եմ պարոն Քյարամյանին, բայց, բոլոր դեպքերում, դա իմ համար անընդունելի է»:

Այլ մանրամասներ կուսակցական նիստից Աղազարյանը չփոխանցեց։ Հայտնի չէ նաև՝ Աղազարյանից բացի այլ պատգամավորները հրավիրվել են, թե՝ ոչ։ Եթե իշխող քաղաքական ուժի վարչությունը խախտում գտնի Աղազարյանի վարքագծում, ապա նրան կսպառնա նկատողությունից մինչև կուսակցության շարքերից հեռացում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի». Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում սկանդալից հետոՍկանդալից հետո պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ Քյարամյանը. ՔԿ-ից չեն մեկնաբանում, ՔՊ-ն էլ չի դատապարտում«Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում