ՀՀ-ն արձանագրում է՝ այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում

Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ հիշեցնելով հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքների ֆոնին վարչապետի աշխատակազմի ավելի վաղ արած հայտարարությունը։

Մարտի 16-ից 18-ն Ադրբեջանը 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքել է բոլոր պնդումները և մարտի 17-ին հայտնել, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի դեռ 2024-ի հունիսի նաև առաջարկել էր Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Բաքուն անարձագանք է թողել նաև Երևանի այս առաջարկը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այսօր վերահաստատել է իր այս առաջարկը՝ հայտարարելով՝ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով՝ Երևանը կոչ է արել Բաքվին մեկնարկել խորհրդակցություններ մարտի 13-ին ձեռք բերված համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Երևանն արձանագրում է, որ 2025-ի հունվարին Հայաստանն Ադրբեջանին գրավոր փոխանցել է Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի հյուսիս–արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Երևանը նաև վերահաստատում է, որ պատրաստ է Բաքվի հետ շարունակել սահմանազատման աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ այնուամենայնիվ որոշվեց սահմանազատումը սկսել հյուսիսից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետը պնդում է՝ սահմանազատման ուղղությունը կոնսենսուսով է որոշվել, ընդդիմությունը հակադարձում է