Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագծի փորձագիտական հաստատմանը, առաջարկություններ արել, դրանցից շատերը հաշվի են առնվել, սակայն վերջնական փաստաթուղթը չի ստորագրել, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ Երևանն այնուամենայնիվ չի ստորագրել փաստաթուղթը, Զախարովան պատասխանել է․ - «Թե ինչու Հայաստանի արտգործնախարարը փաստաթուղթը չստորագրեց ԱՊՀ երկրների նախարարների խորհրդում, ավելի լավ է թող ինքն այդ հարցին պատասխանի, իսկ իմ անձնական կարծիքը թող մնա ինձ»։
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ դատապարտել են միակողմանի պատժամիջոցները, հորդորել զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- նշվում է համատեղ հայտարարությունում, սակայն, չի հստակեցվում, թե որ երկրի դեմ պատժամիջոցներն են «անթույլատրելի», որ երկրներին է խորհուրդ տրվում «ձեռնպահ մնալ» պատժամիջոցներից։
«Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը միայն տեղեկացրել էր, որ Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին՝ առանց մանրամասնելու։
Ուկրաինա ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տարբեր ոլորտների նկատմամբ, մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զգուշացրել են, որ կարող են թիրախավորել նաև այն երկրներին, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել սահմանափակումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդեպարտամենտում կրկին խոսում են Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների վերաբերյալ զգուշացումները, այցերը վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. պատգամավոր