Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, հայտարարում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը և որակելով այն «անհասկանալի»:
Պաշտոնական Երևանն ընդգծում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: «Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը», - նշված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր պնդել է, թե վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ, ապա շարունակել է․ - «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։
Բաքուն նաև քննադատել է արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար. - «Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանին սպառնում է «ողջ զինանոցով»
Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից, ի պատասխան՝ ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նշել է, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի. - «Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»:
«Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ», - ասված է Անի Բադալյանի հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը վերահաստատում է հրադադարի խախտումների համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագիր. վարչապետ