Հերթական աղմուկը Վանաձորի համայնքապետարանի իրականացրած պետական գնումների շուրջ

Հերթական աղմուկը Վանաձորի համայնքապետարանի իրականացրած պետական գնումների շուրջ։ Փաստերի ստուգման հարթակն է պարզել, որ անցած տարի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը քաղաքի Բանյոյի փողոցի լուսավորության համակարգի վերականգնման համար պայմանագիր է կնքել հենց իր խորհրդականին պատկանող ընկերության հետ։

Համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Հունանյանի սեփական «Փյունիկ» ընկերությունը Բանյոյի փողոցի լուսավորության մրցույթի միակ մասնակիցն է եղել, նույն համայնքապետարանի բաժինների աշխատակիցներից կազմված հանձնաժողովը «Փյունիկ»-ին հաղթող է ճանաչել ու վստահել 11 միլիոնանոց աշխատանքը։

Համայնքապետի պաշտոնակատար Փելեշյանը պայմանագիր է կնքել իր խորհրդականի թոռան՝ Գևորգ Հունանյանի հետ՝ որպես «Փյունիկ» ընկերության տնօրեն։ Ընդ որում՝ նրա փոխարեն պայմանագիրն ստորագրել է լիազորված այլ անձ։

«Ազատության» տեղեկություններով, խորհրդականի թոռը պայմանագրի ստորագրման ժամանակ անգամ Հայաստանում չի եղել, չնայած պապի՝ Էդիկ Հունանյանի հետ միևնույն հասցեում է հաշվառված։ Խորհրդական էդիկ Հունանյանը հրաժարվեց հարցազրույցից, ասաց՝ սրտնեղած է՝ «քաղաքում լավ գործեր անելու իր բարի ցանկությունները չեն գնահատել», հակառակը՝ ըստ իրեն, վատաբանել են։ Նշեց, թե պետական գնումների մրցույթին մասնակցելով փորձել է երիտասարդ թոռանն աշխատանքով ապահովել, որպեսզի չարտագաղթի Հայաստանից։

Այն, որ իր սեփական ընկերությունը 11 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր իսկ վերադասի հետ,

Էդիկ Հունանյանը

ոչ շահերի բախում, ոչ էլ հովանավորչություն չի դիտարկում՝ իր ընտանիքն էլ իրավունք ունի աշխատանք ունենալու։ Հունանյանը համայնքապետարանում պաշտոն է ստացել Արկադի Փելեշյանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես հետո։

Նա «Ազատության»-ն ասաց՝ իր պարտականությունների մեջ է մտնում գնալ, տեղում հետևել իրականացվող շինարարության ընթացքին, աշխատանքի որակին։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բանյոյի փողոցի լուսավորության վերականգնման դեպքում ինքն իր ընկերության աշխատանքներն է ստուգել, ասաց՝ ոչ, վերահսկման պարտավորություն չի կրում, չնայած համայնքապետարանի պատվերով իրականացվող շատ շինարարությունների դեպքում, անգամ իր ընկերության կողմից արված աշխատանքի դեպքում, ավարտական ակտի տակ հենց իր անունն ու ստորագրությունն են, որպես ընդունող կողմ։

Ի դեպ, Բանյոյի փողոցի մայթերի նորոգումն էլ անցած տարվա ամռանն իրականացրել էր Քաղաքաշինության վարչության պետ Սուրեն Աբովյանի մտերիմներին պատկանող ընկերությունը՝ «Նեմրութ»-ը` 18,5 միլիոն դրամով։

Դեռ 2018 թվականին մեծ աղմուկ էր բարձրացել, թե Բանյոյի փողոցի հարևանությամբ, Շառլ Ազնավուրի անվան այգում ռեստորան շահագործող Արկադի Փելեշյանն ուզում է այգուց հավելյալ տարածքներ վարձակալել՝ բիզնես նպատակներով։ Այդ ժամանակ Փելեշյանը փոխքաղաքապետ էր։ Ընդունել էր, որ ռեստորանն իրենն է, բայց հերքել, թե նպատակ ունի նոր տարածք վարձակալել։ Ավագանու այդ նիստից 4 տարի անց՝ 2022-ի մայիսին վարչապետն Արկադի Փելեշյանին համայնքապետի պաշտոնակատար նշանակեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քիմիագործների» այգին վարձակալության հանձնելու հարցը հանվեց Վանաձորի ավագանու օրակարգից