Մատչելիության հղումներ

«Քիմիագործների» այգին վարձակալության հանձնելու հարցը հանվեց Վանաձորի ավագանու օրակարգից


Վանաձորի ավագանին այսօր որոշեց նիստի օրակարգից հանել «Քիմիագործների» այգու 2 հազար 700 քառակուսի մետր տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին մեծ հնչեղություն ստացած հարցը։

Երեկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին նման առաջարկ էր արել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Վանաձորի «Քիմիագործների» այգին հանրային նշանակություն ունեցող տարածք է, իսկ այդպիսի տարածքների վարձակալման կամ օտարման հետ կապված որոշումները հարկավոր է կայացնել բացառապես հանրային քննարկման արդյունքում... Մենք պարտավոր ենք այգու հետ կապված որոշումներ կայացնելիս հաշվի առնել վանաձորցու կարծիքը», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Լոռու մարզպետը։

Ըստ որոշման նախագծի, նախատեսվում էր հողամասը 10 տարի ժամկետով տրամադրել հանգստի գոտի կազմակերպելու համար՝ վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով ամսական ընդամենը 21 հազար 628 դրամ:

Ավելի վաղ, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ավագանուն «այդ խայտառակությունը հանել օրակարգից և միջոցներ ձեռնարկել այգիներն ու պուրակները նման երևույթներից մեկընդմիշտ մաքրելու համար»։

Քրիստ Մարուքյանը շեշտել էր, որ վարձակալության մրցույթի դրվող տարածքը գտնվում է Վանաձորի փոխքաղաքապետ, ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Արկադի Փելեշյանին պատկանող ռեստորանի հարևանությամբ։

«... Կարելի է ենթադրել, որ վերջինս պարզապես ցանկանում է ընդլայնել իր «օբեկտը»՝ վերացնելով քաղաքի հերթական այգին», - գրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ այգու նշված տարածքում նախատեսված է մանկական զբաղվածության կենտրոն կառուցել։

«Ասում են երեխեքի համար լավ բան ա ուզում սարքի, զարգացման ու ժամանցի մի հետաքրքիր վայր... երեխեքի մասին էս ինչքա՞ն մտածող ունենք...», - հեգնել էր Քրիստ Մարուքյանը։

Այսօրվա նիստին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը հերքեց, որ տարածքը վարձակալելու մտադրություն ունի։ Նա նշեց, թե դա «ապատեղեկատվություն է և զրպարտում են իրեն»։

Նիստի ժամանակ Փելեշյանն ասաց, թե տեղյակ է՝ ով է ցանկանում վարձակալել տարածքը, չնայած հրաժարվեց բարձրաձայնել նրա անունը։

«Ինձ 15 տարի առաջարկել են. դեռ Դարբինյան Սամվելը (նախկին քաղաքապետ) ասում էր՝ «վերցրեք, սարքեք», մենք չէինք կարում սարքենք, ո՛չ վերցրել ենք, ո՛չ էլ մեզ հետաքրքիր ա եղել», - լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ փոխքաղաքապետը։

Այսօր ավագանին որոշեց «Քիմիագործների» այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անվան։ Այգու դիմաց է գտնվում Ազնավուրի անունը կրող մշակույթի պալատը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG