Ալավերդու երեք ամիս առաջ հեղեղված թաղամասերում բնակիչներն սկսել են վերանորոգել տուժած բնակարաններն ու բիզնես տարածքները՝ չնայած պետությունից սպասվող գումարները դեռ չեն ստացել։ Քանի դեռ եղանակները տաք են, հեղեղված բնակարանների պատերն էլ չորացել են, որը պարտքով է խանութից շինանյութ հասցրել տուն, որն իր անձնական միջոցներով, որ կարողանան տունը տուն դարձնել ու մինչև ձմեռ վարձով բնակարաններից իրենց տներ վերադառնալ։
«Գումարը չեն տվել, բայց դե կտան էլի, սպասում ենք, որ կտան», - ասում է բնակիչներից մեկը։
Սանահին կայարանցի դերձակ Սերգո Հովասափյանն իր փոքրիկ կարի արտադրամասում ջրհեղեղից վնասված կարի մեքենաներն է փորձում կարգի բերել, դեռ չգիտի՝ չորս մեքենայից քանիսը նոր կյանք կունենա, բայց դրանց դիմաց պետությունից աջակցություն ստանալու հստակ խոստում չի լսել։ Կարի բիզնեսն ազատված է հարկերից։ Կառավարությունն էլ որոշել էր, որ վճարած հարկերի հիման վրա փոխհատուցում կտա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խնդիրները շատ են, մենակ դիմում գրելով չի». ջրհեղեղից տուժած որևէ ընտանիք պետությունից աջակցության գումար դեռ չի ստացելՍանահին կայարանցի Տարոն Գորգինյանն էլ իր հեղեղված խանութն է կարգի բերում։ Գարնանն էր բացել՝ հացահատիկ ու ալյուր էր վաճառում։ Ասում է՝ ջուրը ապրանքն էլ տարավ, խանութի գույքն էլ։ Առանց այն էլ մեծ վնասներ կրած գործարարը չի սպասել պետությանը, իր գլխի ճարը տեսնում է. - «Ես իմ ուժերով անում եմ, հետո կտան, ես իմ պարտքերը կտամ»։
Վարչապետը հայտարարել էր, որ չփաստաթղթավորված ապրանքի դիմաց հատուցում չեն տա։ Տարոնը տարակուսած է՝ գյուղից իր վաճառակետ հասցրած ցորենի համար չէր կարող փաստաթուղթ ունենալ։ Թե որքանով համոզիչ կլինեն իր արած լուսանկարներն ու տեսանյութերը, չգիտի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մինչև էդ որևէ ծանուցում չենք ստացել». ո՞վ պետք է ջրհեղեղի վտանգի մասին տեղեկությունը հասցներ բնակիչներինԳարնանային ջրհեղեղից տուժած ընտանիքները վաղվանից առաջին անգամ գումար կստանան պետությունից։ Սա դեռ հեղեղված տարածքների վերանորոգման կամ վնասված գույքի փոխհատուցման գումարները չեն, այլ տուժած ընտանիքների յուրաքանչյուր անդամի համար տրվող միանվագ սոցիալական աջակցությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասացին՝ այսօր 548 անձի անունով գումարները բանկին են փոխանցել, բանկերն էլ առաջիկա օրերին հասցեատերերին կհասցնեն։ 306 մարդ դեռ ստացողների ցուցակում չի։ Նախարարությունից ասացին՝ նրանց մի մասն առայժմ պետական կառույցներին չի դիմել, դեռ մեկ ամիս ժամանակ ունեն։ Մյուս մասի տվյալներն էլ ճշտում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրի տակ անցած Քարկոփը՝ հեղեղից մեկ ամիս անցՍանահին կայարանցի Քրիստինե Դավթյանը թաղամասի վթարային համարված շենքի բնակիչ է։ Ասում է՝ իրենց ընտանիքի 5 անդամից 4-ի անունները ցուցակներում չեն եղել։ Ստիպված է եղել տեղեկանքներ տանել տեղից տեղ, որ պետական աջակցությունը 5 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին հասնի։ Թե ինչու իրեն արհեստական թվացող նման անճշտություններ են հայտնվել ցուցակներում, անհայտ է։
«Ասացին՝ գնա տնային կառավարչություն թուղթ վերցրու, գնացել եմ, որ բոլորիս անունն էլ կա գրված։ Թե խի են տենց շփոթմունք անում, մենք էլ չենք հասկանում։ Անգամ իմ անունը չկար», - նշեց նա։
Դեռ տասն օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել էր, թե ինչու մինչև այսօր շահառուները կառավարությունից գումար չեն ստացել։ Պատասխան էր ստացել, թե հանձնաժողովներն աշխատում են, ճշգրտում տվյալները։
Այսօր Լոռու մարզպետարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ մարզում տուժած 247 ընտանիքներից միայն 35-ի տների վերանորոգման ծախսերն ու գույքի փոխհատուցման գումարներն են պատրաստ վճարման, առաջիկա օրերին կբաշխվեն։ Մյուս դեպքերում դարձյալ կա՛մ փաստաթղթերն ստուգվում են, կա՛մ էլ սեփականատերերը դիմումներ չեն ներկայացրել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.