Մատչելիության հղումներ

«Մինչև էդ որևէ ծանուցում չենք ստացել». ո՞վ պետք է ջրհեղեղի վտանգի մասին տեղեկությունը հասցներ բնակիչներին


Դեբեդի ափամերձ բնակավայրերի բնակիչներն ասում են՝ նախապես չեն տեղեկացել մեկ ամիս առաջ տեղի ունեցած ջրհեղեղի մասին։ Եթե իմանային էլ՝ չէին պատկերացնի, որ իրենց գետը մի օր կկատաղի այսքան ու առաջն ընկած ամեն ինչ կքշի-կտանի։

«Մինչև էդ [ծանուցում] չենք ստացել, բայց դրանից հետո՝ հա, չենք էլ մտածել, որ տենց բան կարա լինի», - ասաց բնակիչներից մեկը:

Ավերիչ աղետից հետո միայն ժամանակ առ ժամանակ բնակիչների աչքով են ընկնում պաշտոնական հայտարարությունները, թե զգոն եղեք՝ անձրև, ամպրոպ ու նաև ջրերի վարարում է սպասվում։

Ո՞վ պետք է կանխատեսեր ու ո՞վ վտանգի մասին տեղեկությունը հասցներ բնակիչներին։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից «Ազատությանն» ասում են՝ իրենք ամեն օր հանրապետության 90 կետերում չափում են գետերի ջրի մակարդակը, իրենց ամենօրյա տեղեկագրերում համեմատում ջրի ելքի վտանգավորության աստիճանի հետ։ Մինչև մայիսի վերջին տեղի ունեցած ջրհեղեղը որևէ օր այդ ցուցանիշն անգամ չի մոտեցել վտանգի շեմին։ Օրինակ՝ կենտրոնի տվյալներով աղետից ժամեր առաջ՝ մայիսի 25-ի երեկոյան Թումանյանի հատվածում, որտեղ Փամբակ գետը վարարել ու Դեբեդին խառնվելով մեծ ավերածություններ էր արել, ջրի ծավալը վտանգավոր մակարդակից 3.5 անգամ ցածր է եղել։ Ընդամենը ութ ժամ անց՝ ջրի քանակը վայրկյանում 33-ից հասել է մինչև 155 խորանարդ մետրի։ Մի քանի ժամում մոտ 5 անգամ ավելացել է։

Հայ-վրացական սահմանին մոտիկ՝ Դեբեդի ջրի ծավալը մեկ օրվա մեջ ավելացել է 7,5 անգամ։ Որտեղի՞ց է եղել ջրի մակարդակի այսչափ բարձրացումը, և ինչո՞ւ մոնիթորինգի կենտրոնը չի կանխատեսել այն։ Տնօրեն Լևոն Ազիզյանն ասում է՝ իրենց սարքերը չափում, բայց չեն կանխատեսում։ Հայաստանում վտանգների կանխատեսման համակարգեր չկան։

«Նման մեծությամբ հեղեղում չէինք սպասում, որովհետև ելնելով փաստացի ջրի տվյալներից ու կանխատեսվող եղանակային պայմաններից, այդպիսի մեծությամբ հեղեղում չէինք սպասում: Մեր տեխնիկական ներուժը թույլ չի տալիս նմանատիպ հեղեղումների կանխատեսման», - ասաց Ազիզյանը:

Տվյալների համար պատասխանատու կենտրոնները չեն կանխատեսել, աղետ չեն սպասել, հետևաբար ջրի մակարդակի փոքր ինչ ավելացման մասին տվյալների հետ մի տողով նշել են, որ «գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի»։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան շրջակա միջավայրի նախարարի տեղակալը հղում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներին ու նշել, թե Ներքին գործերի նախարարությանն ու այլ պետական գերատեսչություններին ամեն օր տեղեկացնում են դրանց մասին։

Ներքին գործերի նախարարությունից էլ իրենց հերթին «Ազատությանը» հայտնել են, որ «գարնանային վարարումներից ու սելավներից բնակավայրերն ու բնակիչների գույքը պաշտպանելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել»։ Թե ինչ է արվել՝ չեն մանրամասնել։ Նախարարությունից նաև ասել են, որ մարզպետարանների ու այլ մարզային կառույցների հետ բնակիչներին իրազեկման աշխատանքներ են արել։ Բնակիչներն ասում են՝ չեն իմացել։

Իսկ թե ով, ինչ կարող էր եզրակացնել այս տվյալներից, եթե չափումներ անող կառույցն անգամ չի կանխատեսել, որ գետերը կարող են ճանապարհներ ու կամուրջներ քանդել, պարզ չէ։ Աղետից տուժածներն անգամ մտքի ծայրով չէին պատկերացնի։

Հիդրոօթերևութաբանության երևույթներն ու օդի աղտոտվածության մակարդակը չափելն և վտանգներն արդիական համակարգերով կանխատեսելը թանկ հաճույք է, 50-60 միլիոն դոլար պետք կգա, ասում է մոնիթորինգի կենտրոնի տնօրենը։ հաշվարկները Ներկայացրել են կառավարություն, սպասում են հաստատման։ Մինչ այդ մեկ ամիս առաջվա ջրհեղեղից տուժած Քարկոփում հույս ունեն, որ նման աղետ առաջիկա 100 տարում չի լինի։

XS
SM
MD
LG