«50 հազար ստորագրությունը 30 օրում հնարավոր է հավաքվի». արևմտամետ ուժերի ներկայացուցիչները Գյումրիում էին

Արևմտամետ ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին։ Եկել էին տեսնեին, թե ինչպես է ընթանում «Եվրաքվեն» Հայաստանի երկրորդ քաղաքում, նաև փողոցներով շրջեցին՝ իրազեկելու ընթացող ստորագրահավաքի մասին։

«Եվրամիության Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան հասցնելու համար եվրոպամետները պետք է մինչև նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։ «Ազատ քաղաքացի» կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն կարծում է՝ 50 հազարը ոչ թե 60, այլ 30 օրում կհասցնեն հավաքել։

«Երեկվա դրությամբ 31 հազար ստորագրություն: Հիմնականում ակտիվ են Երևանում, Շիրակի մարզը, Գեղարքունիքը, Արմավիրի մարզը և Արարատի մարզը: Բայց ամեն դեպքում դա մեզ հիմք չի տալիս թուլանալու և սփոփվելու էդ թվերով, որովհետև մեր նպատակը բացի նրանից, որ 50 հազար հավաքելն է, էդ 50 հազարը մենք կարևորում ենք, որ հավաքվի առաջին մեկ ամսվա ընթացքում, այսինքն, սեպտեմբերի 16-ից սկսած հոկտեմբերի 16-ին ավարտենք մենք, որպեսզի դա նաև լավ ուղերձ լինի հասարակության կողմից, ժողովրդի կողմից իշխանություններին, որ սա ժողովրդի կողմից պահանջված թեմա է, որոշում է, և ԱԺ-ը անսա արդեն ժողովրդի քվեին ու ձայնին՝ ստորագրությանը տվյալ դեպքում», - ասաց Խուշուդյանը:

Ինչպե՞ս կքվեարկեն խորհրդարանի երեք խմբակցությունները այս նախաձեռնությանը, եթե ստորագրահավաքը հաջողի. ոչ իշխող ուժը, ոչ էլ ընդդիմությունները չեն բացահայտում։ Բայց իշխանությունը նախաձեռնողներին հիշեցնում է՝ թեև Հայաստանը ձգտում է եվրոպական ինտեգրման, այնուամենայնիվ, նախ Եվրամիությունից պետք է ազդակներ ստանան, որ ցանկանում են Հայաստանին տեսնել միության կազմում, բացի այդ հանրաքվեն գործընթացի վերջին փուլը կարող է լինել։

Ստորագրահավաքի նախաձեռնողները հակադարձում են, թե այս քայլը ոչ թե միանգամից Եվրամիությանը անդամակցության, այլ գործընթաց սկսելուն է միտված։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասում է. - «Չեն կարող 50 հազար մարդու ստորագրությունն անկարևոր համարել ու սա չհամարել օրակարգային: Այս պահին Հայաստանում քաղաքական մի օրակարգ կա և դա այս ստորագրահավաքն է Հայաստանի Եվրամիության անդամակցության վերաբերյալ, հետևաբար ես կարծում եմ, որ շատ արագ առաջիկայում այս ստորագրահավաքը կավարտենք, քաղաքական պրոցես կսկսվի Ազգային ժողովում և իշխանությունների տրամադրություններում էական փոփոխություններ կտեսնենք, որովհետև իրապես հնարավոր չի հանրային այս տրամադրություններին ուղղակի ընդառաջ չգնալ»:

Ինչպե՞ս են քաղաքացիները տարբեր մարզերում վերաբերվում ստորագրահավաքին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր շփումներից եզրահանգել է, որ մարդկանց 50 տոկոսը պասիվ է։

«Կամ ավելի շուտ վախեցած, որևէ փոփխություն չեն ուզում, որովհետև ցանկացած փոփոխության մեջ են վտանգ տեսնում: Ինքը ոչինչ չի առաջարկում ու ցանկացած առաջարկ մերժում են, մնացած 50 տոկոսն ակտիվ է, այդ 50 տոկոսից 30 տոկոսը հստակ մերն է: Էդ 30 տոկոսը հստակ Եվրամիություն է ուզում, մնացած 20 տոկոսը բաժանվում է նախկինների և նորերի մեջ», - ասաց նա:

Արամ Սարգսյանը հակադարձում է այն պնդումներին, թե Հայաստանին Եվրամիությունում չեն սպասում։ Մատնացույց է անում հայ-ադրբեջանական սահմանը. - «Գնացեք Հայաստանի սահմանամերձ տարածքներ, տեսեք ով է մշտադիտարկում անում, իսկ էդ մշտադիտարկում անողները եվրոպական դիտորդներն են, ու եթե Հայաստանը Եվրոպայի սահման չի, էդ եվրոդիտորդներն էս սահմանին ի՞նչ են անում: Կամ եթե իրենք չեն ուզում, որ մենք Եվրոպա լինենք, ինչի՞ են եկել այստեղ ու մեր սահմանները մշտադիտարկում»:

Եթե Եվրամիության անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արևմտամետ ուժերի նախագիծը հասնի խորհրդարան ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, առանց խորհրդարան հասնելու, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։