Հայկական ատոմակայանը «կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին»

Հայկական ատոմակայանն այսօր ժամը 14։05-ից «կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին», երեկվա վթարային անջատումից հետո, հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հավելելով, որ «առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից»։ Դրանից մեկ ժամ անց հաղորդեցին, որ «կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի»։

«Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - ասված է Տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հերթին տեղեկացրեց, որ «ատոմակայանի՝ էներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին» պատկանող «Շահումյան 2» ենթակայանը։ Հոսանքազրկվել են Երևանի, Էջմիածնի, Արմավիրի մի քանի շրջաններ, կարճ ժամանակ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

«Ազատություն»-ը զրուցեց միջուկային անվտանգության մասնագետի հետ, վերջինս անանուն մնալու պայմանով, փոխանցեց՝ պատճառների մասին եզրակացություններն այժմ վաղաժամ են:

«Մեկ ժամում հնարավոր չէ ասել, թե ինչը կարող է լինել ատոմակայանի աշխատանքի կանգի պատճառը, պետք է քննություն անցկացնել և հնարավոր չէ պարզապես գուշակել։ Ատոմակայանն ունի նախագծով նախատեսված համակարգ, որը տարբեր իրավիճակներում կարող է անվտանգ կանգնեցնել ռեակտորի աշխատանքը», - հայտնեց գիտնականը։

«Հետաքննությունը սկսվել է հենց այն պահին, երբ անջատվել է կայանը, հիմա էլ ընթացքի մեջ է». փոխնախարար

տարածքային կառավարման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, արխիվ

Հնարավո՞ր էր արդյոք 1 ժամում եզրահանգել, որ ատոմակայանի կանգի պատճառը կայծակն է եղել, «Ազատության» հարցին պատասխանեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Ըստ նրա` հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն իրենց համար արդեն պարզ է, որ պատճառը կայծակն է եղել։

«Հետաքննությունը սկսվել է հենց այն պահին, երբ անջատվել է կայանը: Ես ամբողջ գիշեր կայանում եմ եղել, հետաքննություն արվել է, հիմա էլ ընթացքի մեջ է հետաքննությունը, բայց տվյալներ ստացվել են՝ որ համակարգերն են արձագանքել: Կայծակի հարվածի հետևանքով Ատոմակայանի անվտանգության համակարգերի տվիչները, որոնք տեղադրված են, շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով անվտանգության համակարգերը աշխատել են որոշակի տվիչների աշխատանք խափանման հետևանքով», - նշեց Վարդանյանը:

Կայծակից շարքից դուրս են եկել տվիչներ (датчик), ինչից հետո անվտանգության համակարգը անջատել է ռեակտորը, բացատրում է նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալը:

«Վերջին տարիների տեղադրված բազմաթիվ անվտանգության համակրգերը փոխգործակցությամբ աշխատել են, կայծակ միշտ լինում է, բայց ամեն վայրկյան չի, որ կայծակը հենց այդ տեղադրված датчик-ին է կպնում կամ համակագերն անվտանգության միշտ էլ եղել են, բայց մեր վերջին տարիների աշխատանքը՝ սկսած 2016-17 թվականներից, վերազինման աշխատանքներ են տեղի ունեցել, բազմաթիվ նոր անվտանգության համակարգեր են դրվել», - ներկայացրեց Վարդանյանը:

Տվիչների նորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը վերադարձել է բնականոն աշխատանքին։

Հայաստանի ատոմակայանն արտադրում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Արդիականացման ու վերազինման հերթական փուլից հետո այն կարող է գործել մինչև 2036 թվական։