«Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «օկուպացիայից ազատագրված» գյուղերից մեկում նոր զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։

«Հայաստանը մինչ օրս չի պատժել այս հանցագործությունների համար պատասխանատու գեթ մեկ անձի, փոխարենը նրանք պարգևատրվել են», - գրել է Հաջիևը՝ նշելով, թե Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկությունները։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իսկական հավատարմությունն արդարությանն ու խաղաղությանը՝ ընդունելով այս բոլոր հանցագործությունների համար պետության պատասխանատվությունը և համապատասխանաբար հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով ռազմական հանցագործներին», - գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Օրերս Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նաև պնդել, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Նա մեղադրել էր Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ։ Իսկ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևն ասել էր, թե Հայաստանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին՝ պնդելով, թե այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ: Հայաստանի գերիների և անհետ կորած անձանց հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ այս տարվա մարտին կայացած նիստում ընդգծել էր Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։ Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանըն օրերս արձագանքելով Բաքվի պահանջին հայտարարել էր՝ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին, իսկ Բաքվի պահանջած 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների թվի մասին նա տեղյակ չէ։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո՝ անհետ կորել է շուրջ 200 զինվոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են