Մատչելիության հղումներ

Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են


Բաքուն վերջին շրջանում պարբերաբար Երևանից պահանջում է տվյալներ տրամադրել 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների մասին։

Նախօրեին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին՝ մի շարք երկրների օմբուդսմեններին, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։

Մեղադրելով Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ, Ալիևը օրերս էլ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել էր, թե Հայաստանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին։ Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։

Գագիկ Մելքոնյան. Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։

Գագիկ Մելքոնյան
Գագիկ Մելքոնյան

«Մենք էդ տեղերն ասել ենք, իրենք էլ էդ տեղերը լավ գիտեն Արցախի տարածքում, մերոնք փոխանցել են. թե՛ աճյուններ են փոխանցել, թե՛ ամեն ինչ: Իրենք անընդհատ ուզում են, անեն էլ պիտի ասեն, չանեն էլ: Իրենց մահանա է պետք, որ իրենք անընդհատ ձգձգեն խաղաղության պայմանագրի հետ կապված: Վաղն էլ ուրիշ բան կասեն», - ասաց Մոլքոնյանը:

«Ազատության» հարցին՝ «կարծում եք, որ մենք այլևս չունե՞նք որևէ տեղեկատվություն, որ կարող ենք տրամադրել», նա պատասխանեց. - «Ինչ ունենք, փոխանցել ենք իրենց»:

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ: Հայաստանի գերիների և անհետ կորած անձանց հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ այս տարվա մարտին կայացած նիստում ընդգծել էր Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։

Հայաստանը 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։ Բաքվի պահանջած 4000 անհետ կորած ադրբեջանցիների թվի մասին Պաշտպանության հանձնաժողովի անդամը տեղյակ չէ։

«Բոլոր թեզերը, որ Ադրբեջանը բարձրաձայնում է, պետք է միշտ հիշի, որ հայելային վերաբերելի է նաև իրենց»

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես տեղյակ չէ, թե ինչ թվի մասին է խոսում Բաքուն, բայց արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին և պահանջներին, հակադարձում է. - «Ադրբեջանը որևիցե բանի մասին խոսելիս պետք է միշտ խոսի նաև իր կողմից նույն ինֆորմացիայի տրամադրման անհայտ կորածների վերաբերյալ: Բոլոր այն թեզերը, որ Ադրբեջանը բարձրաձայնում է, պետք է միշտ հիշի, որ հայելային վերաբերելի է նաև իրենց»:

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո՝ անհետ կորել է շուրջ 200 զինվոր։ Այսինքն՝ Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասում է, որ թեև հայկական կողմը գիտի, թե 90 ականների պատերազմի ժամանակ կոնկրետ որ տարածքներում, քանի հայ է անհետ կորել, սակայն Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել։

«Մենք գիտենք ՝ որ հատվածներում են կորել, էդ հատվածներն էլ իրենց տրամադրության տակ են», - նշեց Մելքոնյանը:

Արմեն Կապրիելյանը պնդում է՝ հայկական կողմը կոնկրետ քարտեզներ ունի անհետ կորած հայերի զանգվածային գերեզմանի վերաբերյալ

2006-ից մինչև 2018 թվականը գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը պնդում է՝ հայկական կողմը կոնկրետ քարտեզներ ունի անհետ կորած հայերի զանգվածային գերեզմանի վերաբերյալ։ Մասնավորապես 1992 -ին «Արաբո», «Արծիվ» և « Զեյթուն» ջոկատների զոհված մի քանի տասնյակ անդամների տեղանքը հայտնի է։ Սակայն Ադրբեջանը տասնյակ տարիներ մերժել է համագործակցել նրանց մասունքները վերադարձնելու հարցում։

Արմեն Կապրիելյան
Արմեն Կապրիելյան

«Դեռևս 2008-ին մենք «Արաբո», «Արծիվ» և « Զեյթուն» ջոկատի տղաների զանգվածային գերեզման էինք հայտնաբերել, դրա տեսագրությունն էին արել ադրբեջանցիները, ընկած մարտիկների, մենք դրանով շատ երկար աշխատեցինք, մի քանի տարի շարունակ մինչ այժմ ոչ մի արձագանք այդպես էլ չեղավ», - ընդգծեց նա:

Կապրիելյանն ասում է՝ դեռ 2006 -ին Բրյուսելում հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ու թեև Կարմիր խաչի միջնորդությամբ, պայմանավորվել էին համագործակցել անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, բայց Բաքուն հետագայում հրաժարվել է համագործակցությունից։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից ներկայացված 4000 անհետ կորածների թվին, ապա 12 տարի պետական հանձնաժողովը ղեկավարած պաշտոնյան պնդում է՝ Ադրբեջանը ուռճացված թվեր է ներկայացրել, և դա է վկայում այն հանգամանքը, որ այդ թվերը ժամանակ առ ժամանակ մի քանի հազարով ավելանում կամ պակասում էին։

«Աբսուրդի հասնող թվեր իրենց մոտից շուրջ 8 հազար հոգի էլ է հնչել իրենց մոտից, 3,5 էր, հետո 5-ի մոտ: Հիմա շրջանառվում է էդ շուրջ 4000-ի վերաբերյալ, ես չգիտեմ՝ էդ թվերը որտեղից են վերցնում», - ասաց Կապրիելյանը:

Չնայած Հայաստանից ու Ադրբեջանից համագործակցության վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններին, 2 երկրների անհետ կորածների հանձնաժողովների միջև հանդիպման կամ բանակցությունների սկսելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։ Պարզ չէ՝ արդյոք կողմերն ընդհանրապես որևէ համատեղ աշխատանք կատարե՞լ են, թե՞ ոչ։

XS
SM
MD
LG