Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միլլի Մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստում։

«Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։
Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորացումն է։

Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ասելով, թե «Հայաստանը համաձայն չէ դրան»՝ Ալիևը նաև հայտարարել է ․ - «Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան»։

Ըստ Պաշտոնական Երևանի՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս է ստեղծվել և ի՞նչ է արել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ադրբեջանի նախագահն այսօր նաև նշել է, որ երկրի առջև ծառացած խնդիրներից է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը։

«Բայց, եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել», - ասել է Ալիևը։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը

Տե՛ս նաև այստեղ