Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցով համաձայնության հասնելու շեմին են, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:
«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ», - ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:
«Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:
Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր», - հայտարարել է ԱԺ նախագահը:
Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչ օրս համաձայնեցված 16 հոդվածները՝ չհամաձայնեցված մեկ հոդվածը թողնելով ապագային: «Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր», - շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չնայած Ադրբեջանի անհամաձայնությանը՝ առաջարկը պաշտոնական Երևանը վերջին շաբաթներին պարբերաբար կրկնում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկըՓաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էԱլիևը և Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետի մասինՀՀ-ն հույս ունի մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի հոդվածներ ստորագրել Ադրբեջանի հետ. նախագահՄինչև 2030-ը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը
Միջխորհրդարանական միության վեհաժողովում իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը:
«Տարվա 270 արևային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արևային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից և պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը», - ընդգծել է ԱԺ նախագահը: