Մոսկվան անկեղծորեն կարևորում է Երևանի հետ հարաբերությունները և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգանքի ու փոխշահավետ հարաբերությունների հենքով, "Комсомольская правда"-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Միխայիլ Գալուզինը կրկին քննադատել է Արևմուտքին նրան մեղադրելով Հայաստանին՝ Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ «հիբրիդային պատերազմի գործիք» օգտագործելու համար։ Իսկ նպատակը, Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով, մեկն է՝ «օգտագործել հայկական հարթակը տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար»։
Գալուզինն ասել է, թե արևմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «խաղադրույք կատարել» Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի և նրա անվտանգության վրա։
«Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ և ձգտում են, որ այն դուրս գա ընդհանուր ինտեգրացիոն միավորներից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանին արագորեն գրավում է եվրոպական հեռանկարը, ու դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել իր տնտեսության համար։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ», - ասել է Գալուզինը։
Խոսելով ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններից՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, թե «Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը»։
«Ինչ էլ որ խոստանան Արևմուտքում, դրդեն նրան սառեցնել մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա Հայաստանի անվտանգության արդյունավետ ապահովման առումով», - ասել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնեն Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Նշելով, թե Մոսկվան չի հրաժարվել իր դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից՝ Գալուզինը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը կունենա «բավականաչափ քաղաքական իմաստություն»՝ կարևորելու Ռուսաստանի հետ հարաբերություններն ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը խուսափում է Մոսկվայի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի միջոցով․ Գալուզին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հերիք եղավ մեզ սպառնան, հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն. ԱԺ նախագահի արձագանքը Մոսկվային