Մատչելիության հղումներ

Երևանը խուսափում է Մոսկվայի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի միջոցով․ Գալուզին


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Հայաստանը խուսափում է արտգործնախարարության և պաշտպանության նախարարության խողովակներով շփվել Ռուսաստանի հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն՝ այն համարելով Արևմուտքի ճնշման արդյունք։

Ընդգծելով, որ 2023 թվականի նոյեմբերից Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել՝ Գալուզինն ասել է, թե «գործընկերները շահագրգռված չէին» արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագիր մշակելու և ստորագրելու Մոսկվայի առաջարկով։

«Մեր մեղքով չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես արևմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել Մոսկվայի հետ կապերը», - ասել է Գալուզինը։

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ խնդրահարույց հարցերի ուղղությամբ աշխատելու Երևանի մտադրությունները գործնական ընթացք կստանան։ «Մենք պատրաստ ենք դրան», - ընդգծել է Գալուզինը։

Դիվանագիետը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում՝ հիշեցնելով մայիսի 8-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, իսկ փետրվարին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։

«Մոսկվան պատրաստակամ է աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը»

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ դրական են գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումները՝ շեշտելով, որ այն ևս մեկ կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին։

«Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը», - ասել է Գալուզինը՝ նշելով, որ պատրաստ են շարունակելու լիարժեք աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստելու փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ու բարգավաճման»։

Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը հայ-ադրբեջանական շփումների համար։

«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում», - հավելել է Գալուզինը:

Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի: Սակայն բանակցություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանի համար կարևոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու և տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա:

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը փոխանցեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։

Երևանն ադրբեջանական կողմի այդ առաջարկները ստացել էր ապրիլի 26-ին, դրանից հետո էին երկու երկրների արտգործնախարարները հանդիպել Ալմաթիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG