«ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև ստեղծված այս կացության պատճառը այդ երկրի ներքաղաքական վիճակն է, ինչպես նաև, իհարկե, Ղարաբաղում ծագած ճգնաժամի հետևանքները»,- այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես բազմիցս եմ ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ՀԱՊԿ-ի հետ որևէ կապ չուներ, որովհետև Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, իսկ ՀԱՊԿ-ը պարտավոր է երկրներին պաշտպանել արտաքին հարձակումներից»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Աստանայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստն՝ առանց Հայաստանի մասնակցության։
«Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն իրենց առանձնահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, առավել ևս չէր ընդգրկել Ղարաբաղն իր պետականության կազմում։ Այն ամենն, ինչ տեղի էր ունենում, իրավաբանորեն Հայաստանի հետ որևէ առնչություն չուներ։ Եվ փոքր-ինչ տարօրինակ է կարծել, թե ՀԱՊԿ-ը պետք է պատերազմեր այդ անկլավի տարածքում»,-նշել է Պուտինը հավելելով,- «Մյուս կողմից, կողքից գնահատականներ տալը միշտ ավելի հեշտ է, ներսում ամեն ինչ շատ ավելի բարդ է»։
Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Իր վերոհիշյալ հայտարարությունների հետ մեկտեղ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանն ի վերջո կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցության։
«Հայաստանը դեռ չի հայտարարել ,որ լքում է ՀԱՊԿ-ը», - ընդգծել է Պուտինը։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Մանրամասները տե՛ս այստեղ