Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում օգուտ է թե՛ Երևանին, թե՛ ասոցիացիային․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկոկ, արխիվ

Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում օգուտ է թե՛ երկրին, թե՛ ասոցիացիային, նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի ձևաչափին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Այդուամենայնիվ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այսպիսով դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, նույն տնտեսական գոտում է գտնվում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այսօր նախատեսված է ԵԱՏՄ նիստը։ Կրեմլը հայտարարել է՝ ակնկալում է, որ Հայաստանի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի գագաթնաժողովին։

Փաշինյանն այս մասով դեռ հայտարարություն չի արել, այսօր միայն փոքրիկ տեսանյութ է Ֆեյսբուքում տարածել՝ նշելով, որ հերթական թեստի պատասխանին է սպասում։

Երեկ օրվա ավարտին նա ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, որ քովիդ թեստը կրկին դրական է և որ մինչև առողջանալը կաշխատի որոշակի սահմանափակումներով:

Ի դեպ այսօր նախատեսված կառավարության նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 27։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը քովիդի դրական թեստից հետո չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին