ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ վարչապետ Փաշինյանը քովիդի թեստ է հանձնել և պարզել, որ վարակակիր է: Հետո կրկնել է թեստը: Արդյունքը եղել է բացասական, բայց Փաշինյանը բաց թողեց Սանկտ Պետերբուրգի այսօրվա հավաքը:
«Խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին», - այսօր վաղ առավոտյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրեց վարչապետն ու հավելեց՝ քանի որ երկրորդ թեստի արդյունքը բացասական է, վերադառնում է աշխատանքի:
Թեև Փաշինյանը պնդում է, թե երկու օր առաջ է իր մոտ քովիդ հաստատվել, այդուհանդերձ երեկ Ռուսաստանի նախագահի խոսնակն անգամ չէր բացառել գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Փաշինյան առանձին շփումը: Վարչապետի խոսնակից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանն ախտանշաններ է ունեցե՞լ, թե՞ ռուսական կողմի պահանջով է քովիդի թեստ հանձնել, Նազելի Բաղդասարյանը պարզաբանեց՝ վարչապետը թեստը հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ։
«Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ կամ ընթացակարգ է սահմանված», - ասված է Նազելի Բաղդասարյանի պարզաբանման մեջ:
Հայ-ռուսական տևական լարված հարաբերությունները հաշվի առնելով՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը բաց թողնելու պատճառաբանությունը միանշանակ չընդունվեց: Հնչեցին կարծիքներ, թե քովիդի թեստն ընդամենը պատրվակ էր Ռուսաստան չմեկնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն, այդ կարծիքին չէ:
«Ես առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, և ես կարծում եմ, որ պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. անընդհատ կան շրջանակներ, որոնք դավադրապաշտական բաներով են հանդես գալիս բոլոր պրոցեսների վերաբերյալ», - նշեց Կոնջորյանը:
Կառավարության լրատվականից տեղեկանում ենք, որ վարչապետը դեկտեմբերի 23-ին գործադիրում խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետի խոսնակը մանրամասնեց՝ Փաշինյանը քովիդի թեստի դրական արդյունքի մասին տեղեկանալու պահից մեկուսացել է և որևէ առերես աշխատանքային շփում չի ունեցել:
Առողջապահության նախարարությունից «Ազատությանն» հայտնեցին, որ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում Քովիդի 29 հաստատված դեպք կա։ Քովիդի մասին տվյալներ նախարարությունը վաղուց չի հայտնում։
Փաշինյանի խոսնակը նաև տեղեկացրեց, թե գործադիրի ղեկավարը սպասում է թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը, որից հետո միայն կվերականգնի շփումները առերես ձևաչափով: Օրվա երկրորդ կեսին արդեն Նիկոլ Փաշինյանը երրորդ թեստի պատասխանը հրապարակեց:
«Քովիդ թեստս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»:
Այս գրառումից հետո տեղափոխվեց նաև գործադիրի հերթական նիստի օրը, այն տեղի կունենա ուրբաթ օրը։
Բացի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի վաղը տեղի է ունենալու նաև ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Նիկոլ Փաշինյանը դեռ չի հստակեցրել՝ կմասնակցի՞ արդյոք այդ նիստին, խոստացել է դա անել օրվա ավարտին: Մինչ այդ ռուսական կողմից ակնկալում են, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին տեսակապով: Հայաստանն այս տարի նախագահում է այդ կառույցում: