Հացադուլ, ստորագրահավաք՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլիմից հայտնի շենքը փրկելու համար

Գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը չորրորդ օրն է հացադուլի մեջ է, այս ծայրահեղ քայլով փորձում է փրկել «Մեր մանկության տանգոն» ֆիլիմից հայտնի շենքը։

«Էս շենքը հետհաշվարկի մեջ է, ցանկացած պահի կարող է փլվել, և ստորագրահավաքի իմաստը, որպեսզի ճիշտ պահենք, ստիպված եղա նաև հացադուլի միջոցին դիմել, որ ավելի շատ ուշադրություն գրավենք ու ամեն ինչ հասնի իր տրամաբանական ավարտին», - նշեց Ադամյանը:

Խորհրդային ֆիլմից հայտնի «վառեմ մարեմ»-ի պատշգամբի վթարային շենքում գրեթե ամեն օր մասնակի փլուզումներ են։ Պատմական շենքի վերականգնման մի քանի ծրագրեր դեռ չսկսված ավարտվեցին միայն նախագծեր կազմելով։

Օրեր առաջ համեմատաբար ավելի մեծ ծավալի փլուզումը կրկին շենքի վթարային վիճակի հարցը օրակարգ բերեց։ Մի քանի օր է՝ շենքի դիմաց հացադուլավորի վրանն է, շենքի փրկության համար նաև ստորագրահավաք է սկսվել։

Զբոսաշրջիկների մեծ հոսք կա Գյումրիի խորհրադանիշներց մեկը դարձած «վառեմ մարեմ»-ի շենքի հատվածում։ Գալիս են կիասվեր պատշգամբն ու շենքը տեսնում, ափսոսում են, որ այն փլուզման եզրին է։ Տարածք այցելող զբոսաշրջիկներն էլ են իրենց ստորագրությունը դնում, որ օր առաջ շենքը վերականգնվի։

Անցած տարվերջին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը ցանկանում է «վառեմ մարեմ»-ի շենքը վերականգնել ու նվիրել համայնքին։ Մինչ այս պահը նախարարությունները դեռ իրար մեջ են թղթաբանության հարցեր կարգավորում։ Իսկ խիստ վթարային շենքի համար ամեն օրն ու ժամն է ճակատագրական։

«Ամենացավոտն էն է, որ խոչընդոտ չկա էս շենքը փրկելու, կա մեկ խոչընդոտ՝ ստորագրելու որոշակի փաստաթղթեր երկրի վարչապետի կողմից: Ինչքանով տեղեկացված եմ, մնացել է 2 գերատեսչության ստորագրություն ստանալ ու մոտ օրերս պետք է կառավարության նիստով թույլ տան «Տաշիր» բարեգործական հիմնադրամին շենքը վերակառուցել այն պայմանով, որ շենքը մնում է պետական», - ներկայացրեց Արթուր Ադամյանը:

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանն ասում է՝ ստորագրահավաքի, առավել ևս հացադուլի անհրաժեշտություն չկա, քանի որ շենքի վերականգնման հարցով և՛ ներդրողի, և՛ պետական մի քանի գերատեսչությունների միջև ակտիվ քննարկումներ են ընթանում, առաջիկայում արդեն վերջնական տեսքի կբերվի կառավարության որոշման նախագիծը, որով «վառեմ մարեմ»-ի շենքը մինչև 2027 թվականը վերականգնվելու է։

«Կառավարությունում նոր որոշման նախագիծ է մշակվում, որի համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեից շենքը տրվելու է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և մինչև 2027 թվականը շենքն ամրացվելու է, նորոգվելու ու բարեկարգվելու: Սա, իհարկե, դեռ քննարկման փուլում է», - ասաց Մարտիկյանը:

Թե երբ կառավարությունը կհաստատի նախագիծը հստակ ժամկետ չկա։ Նախագծում նաև վերականգնումից հետո շենքի նպատակային օգտագործման հարցն է կարգավորվում։

«Պետք է հանձնվի Կրթության և մշակույթի նախարարությանը, որպեսզի հետագայում այնտեղ իրականացվեի կրթական ու մշակութային գործունեություն», - ասաց փոխմարզպետը:

Շենքը վերականգնելու մի քանի ծրագրերը մինչ օրս իրականություն չեն դարձել, 2017-ին Մշակույթի նախարարությունը նույնիսկ հայտարարեց, որ շենքի նախագիծը պատրաստ է, բայց պահանջվող 1 միլիոն 100 հազար եվրո գումարը չկա։ Թե այս անգամ կհաջողի ի վերջո շենքը նախագծերից իրական վերականգման փուլ հասցնել, փաստացի 3 տարի անց պարզ կդառնա։