Գյումրիի տուրիստական խորհրդանիշը դարձած «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբը վաղուց է խարխլված, շենքում էլ երեկ հերթական փլուզումն է եղել, ընդ որում՝ ծավալով ավելի մեծ, քան նախկինները։
«Երեկ շատ մեծ աղմուկով փլուզումը տեղի ունեցավ, որովհետև բացի տանիքի թիթեղներից, նաև քարերն են ընկել, ու փոշի էր։ Իրականում շատ վտանգավոր է նաև դրսի հատվածից մոտենալ, քարերի մի մասն առաջ են եկած ֆասադից, հետևաբար, նույնիսկ տուրիստները, որ գալիս են նկարվելու հենց պատշգամբի հետ, ևս գտնվում են վտանգի տակ, ու հնարավոր է, որ բացի ներսի հատվածից, դրսի հատվածում էլ լինի փլուզում», - ասում է դեմ-դիմաց գործող «Վառեմ մարեմ» ստուդիայի աշխատակից Լիանան։
Նրա խոսքով՝ շենքում գրեթե ամեն օր փլուզում է գրանցվում, բայց ավելի փոքր։ Առանց տանիքի շենքի փլուզմանը նաև վերջին շրջանի առատ տեղումներն են նպաստում։
«Չափազանց վթարային վիճակում է։ Եղանակային պայմանները այս վերջին շրջանում շատ անձրևոտ էին, ու բնականաբար շենքը չունի տանիք, հետևաբար անձրևների ու եղանակային վատ պայմաններից շենքն ավելի շատ է օրըստօրե փլուզման ենթարկվում», - նշեց նա։
Տարածքն այժմ կարմիր ժապավենով արգելափակված է. զբոսաշրջիկները հաճախ շենքին շատ մոտ՝ հենց պատշգամբի տակ կանգնած են լուսանկարվում։ Վթարային շենքը 2009 թվականին Գյումրիի համայնքապետարանից անցել է մշակույթի նախարարության ենթակայությանը։ Շենքը վերականգնելու մի քանի ծրագրեր են եղել, նույնիսկ նախագիծ ու նախահաշիվ է կազմվել։ 2017-ին մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ շենքի նախագիծը պատրաստ է, բայց պահանջվող 1 միլիոն 100 հազար եվրո գումարը չկա։ Նախարարությունը դրամահավաքի տարբերակ էլ էր քննարկում, որն այդպես էլ չիրականացավ։
Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պնդում է, թե չգիտի՝ ինչու չիրականացվեց շենքի վերկանգնման ծրագիրը. - «Ընթացք ստացավ ծրագիրը, հասանք մինչև ընդհուպ նախագծային փուլ, տենդեր հայտարարվեց նախագծման համար, շահող էլ կար, բայց էլի նորից այդ գործը առաջ չգնաց, մնաց օդի մեջ կախված այդ հարցը»։
Շենքով էլի հետաքրքրվողներ կան, բայց ըստ գլխավոր ճարտարապետի՝ համայնքապետարանն այստեղ որևէ անելիք չունի։
Շենքի վթարայնությունը օր օրի է վատթարանում։ Եվ երաշխիք, որ մինչև նոր ներդրող գտնելը այն կդիմանա, չկա։