«Հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն իմ վարչակազմի առաջնահերթություններից է», - նախօրեին, Տաջիկստան մեկնելուց առաջ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ շեշտելով՝ հետամուտ են լինելու այդ նպատակի իրագործմանը։
Դուշանբեում ջրի, գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության համատեղ փաստաթղթեր կստորագրվեն, ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Ռուսաստան և Տաջիկստան այցերն իրականացվում են ի պատասխան այս երկու երկրների նախագահների պաշտոնական հրավերների։
Փեզեշքիանը Մոսկվա կմեկնի հունվարի 17-ին։
Ընդգծելով, որ Մոսկվայում համապարփակ ռազմավարական գորընկերության փաստաթուղթ կստորագրվի գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության և անվտանգության հարցերի վերաբերյալ, Իրանի նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում հարևան այլ երկրների հետ ևս համապարփակ համագործակցության փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ։
Փեզեշքիանի խոսքով՝ նման փաստաթուղթ կստորագրվի նաև Իրաքի հետ՝ «հարաբերությունների բարելավման, փորձի փոխանակման, տարածաշրջանի երկրների միջև համակարգումն ու համագործակցությունը մեծացնելու նպատակով»։
«Եթե տարածաշրջանում շարունակվի տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, գիտության և արդյունաբերության ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը, մենք կկարողանանք ինքներս լուծել մեր խնդիրները, իսկ ճնշումը, որ ԱՄՆ-ը փորձում է գործադրել տարածաշրջանում երկրների դեմ, ինքնաբերաբար կչեզոքացվի», - ասել է Իրանի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ ճնշումների մասին է խոսքը։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։
Երևանում փաստաթղթի շուրջ արձագանքները բուռն են ու հակասական: Իշխանությանը սատարող արևմտամետներն ասում են, թե այն կայունություն կհաստատի այստեղ, կզսպի Ադրբեջանին, կան քաղաքական ուժեր, որ այն համարում են «վառոդի տակառ» տարածաշրջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, հրավերն ընդունվել է»․ Լավրով